չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Բրազիլիայի նախագահը ողջունել է ՌԴ-Ուկրաինա ուղիղ բանակցության հնարավոր անցկացումը

Բրազիլիայի նախագահը ողջունել է ՌԴ-Ուկրաինա ուղիղ բանակցության հնարավոր անցկացումը

Չինաստան կատարած այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը Բրազիլիայի նախագահն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հորդորել է ավարտել պատերազմն Ուկրաինայում: «Ես համարձակություն ունեցա խոսելու նախագահ Պուտինի հետ և ասելու նրան՝ դադարեցրեք այս պատերազմը և վերադարձե՛ք քաղաքականություն»,- նշել է Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան: Նա ողջունել է Պուտինի առաջարկը՝ անցկացնել ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություն և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից այդ առաջարկի ընդունումը: Բրազիլիայի ղեկավարը կոչ է արել «կրակոցներ փոխանակելու փոխարեն մտքեր և բառեր փոխանակել՝ ուղիղ երկխոսության միջոցով»:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր՝ Մոսկվայի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք բանակցություններին կսպասի Ուկրաինայի ներկայացուցիչներին։

Միևնույն ժամանակ, նա դարձյալ չէր ներկայացրել ռուսական բանակցային խմբի կազմը։ «Երբ լինի նախագահի հրահանգը, այդ ժամանակ էլ կասենք»,- նշել Էր Կրեմլի ներկայացուցիչը:

Սաուդյան Արաբիայում ներդրումային համաժողովի ընթացքում էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այդ օրերին նույնպես կլինի Թուրքիայում: Նա նաև ասել է, որ բանակցություններից «լավ արդյունքներ» է ակնկալում: Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Ստամբուլ կմեկնեն նաև Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Քիթ Քելլոգը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ համաձայնության է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Անկարայում հանդիպելու հարցում, սակայն եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվի մեկնել Թուրքիայի մայրաքաղաք և ընտրի Ստամբուլը, իրենք նույնպես պատրաստ են այնտեղ գնալ։ «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Պուտինի հետ հանդիպումը տեղի ունենա։ Միայն նա կարող է որոշում կայացնել հրադադարի վերաբերյալ»,- ընդգծել էր Ուկրաինայի առաջնորդը։

  • Կիսվել: