ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանը արցախահայության՝ սեփական հողում ճակատագիրը տնօրինելու իրավունքի իրացման առաջամարտիկն է․Ստեփանակերտի քաղաքապետ

Երևանը արցախահայության՝ սեփական հողում ճակատագիրը տնօրինելու իրավունքի իրացման առաջամարտիկն է․Ստեփանակերտի քաղաքապետ

Պաշտոնական Երևանը շարունակում է արցախահայության՝ սեփական հողում սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի իրացման առաջամարտիկը մնալ: Այս մասին Երևանի տոնի առիթով ասված շնորհավորական իր խոսքում նշել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

Ֆեյսբուքի իր էջում քաղաքապետը գրել է.

«Այսօր ազգովի նշում ենք համայն հայության մայրաքաղաքի՝ Երևանի օրը: Էրեբունի-Երևանը հիրավի աշխարհի ամենահինավուրց, ամենաինքնատիպ ու ամենագրավիչ քաղաքների թվում է:
 
Այստեղ ամեն շենքը, նույնիսկ ամեն քարն իր պատմությունն ունի: Մեր վարդագույն քաղաքը միշտ էլ եղել է հայերիս սրբություն սրբոցը, ապավենն ու հայի՝ հազարամյակների կենսագործունեության վկան:
 
Երևանը  նաև համահայկական օրակարգը ձեւավորելու  դարբնոցն է, կենտրոնը, որտեղ ամեն հայ իր դժվար պահին կարող է հույս ու հենարան ունենալ: Ուստի տրամաբանական է, որ մեր ժողովրդին պատուհասած 44-օրյա պատերազմի ընթացքում արցախցի մանուկներին ու մայրերին իր թևերի տակ առավ հենց Երևանը՝ մեր Մայր Հայաստանի մայրաքաղաքը:
 

Այսօր էլ Երևանը շարունակում է հանգրվան լինել տեղահանված հազարավոր արցախցիների համար: Այսօր էլ պաշտոնական Երևանը շարունակում է արցախահայության՝ սեփական հողում սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի իրացման առաջամարտիկը մնալ: Բոլոր ստեփանակերտցիների և անձամբ իմ երախտագիտությունն եմ հայտնում Երևանի քաղաքային իշխանություններին իմ լավ ընկեր  Հայկ Մարությանի գլխավորությամբ այն հոգատարության և սրտացավության համար, որ ցուցաբերվել է թե՛ նախապատերազմյան, թե՛ պատերազմական և թե՛ հետպատերազմյան օրերին:

 

Վստահ եմ, որ հայկական զույգ հանրապետությունների գլխավոր քաղաքների միջև համագործակցության խորացումն ավելի կամրապնդի և՛ մեր պետականությունների հիմքերը, և՛ աշխարհասփյուռ հայության հավատն առ միացյալ հայրենիք:

Հավատում եմ, որ մեր նվիրական երազանքների օրերը դեռ առջևում են...

Տոնդ շնորհավո՜ր, հայերիս ինքնության քաղաք Էրեբունի-Երևան: Ուր էլ որ կանք ու կլինենք, աղոթելու ենք քո խաղաղ այգաբացների ու լուսավոր օրերի համար»:

  • Կիսվել: