երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Դեպի Քիրս». ալպինիստական անկյունը` Արցախի բարձր գագաթները նվաճելու հնարավորություն

«Դեպի Քիրս». ալպինիստական անկյունը` Արցախի բարձր գագաթները նվաճելու հնարավորություն

«Դեպի Քիրս» ալպինիստական անկյունը համայնքային զարգացման ծրագիր է, որը գեներացվել է «Դասավանդիր, Հայաստան»-ի համայնքային, աշակերտական ծրագրերի շրջանակներում։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ծրագրի հեղինակ Արծրուն Արշակյանը և նշել, որ այն իրականացվում է ՕՍՄ Արցախ հիմնադրամի շնորհիվ և Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի աջակցությամբ։

«Ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի 3-րդ դպրոցի տարածքում կառուցվել է ալպինիստական պատ՝ արհեստական ժայռամագլցման պատ, որն առաջին նմանատիպ պատն է Արցախում։
 
Բնութագրությունը հասանալի չէ
Մենք պատի մագլցման գրաֆիկ ենք ունենալու, որի կազմման, կազմակերպման ու հրահանգավորման հարցերում ինձ օգնելու են բարձր դասարանների աշակերտները, ու ակնկալում եմ, որ ամիսներ անց հենց աշակերտներն էլ կլինեն մագլցման հրահանգիչները, ու հենց իրենք կկազմակերպեն հետագա ընթացքն ու կապահովեն ծրագրի շարունակականությունը:
Բնութագրությունը հասանալի չէ
 
«Դեպի Քիրս» ալպինիստական անկյունը լինելու է մի վայր, որի շուրջ իրականացվելու են կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող դասընթացներ՝ բնության, լեռնագնացության, աշխարհագրության, առաջին բուժօգնության մասին, ինչպես նաև նախատեսվում է պարբերաբար կազմակերպել արշավներ, որոնք հնարավորություն կտան արցախցի երեխաներին ճանաչելու Արցախն իրենց համայնքներից դուրս։ Ծրագրի նպատակը արցախցի աշակերտների ֆիզիկական և հոգեկան կոփումն է, նոր գիտելիքների փոխանցումն ու ծանոթությունը բնության, լեռների, առհասարակ, Արցախի հետ»,- ներկայացրել է Ա. Արշակյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ծրագրի գաղափարն առաջացել է պատերազմից հետո, երբ սկսեց դասավանդել Ստեփանակերտի երրորդ դպրոցում` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

«Հաճախ երեխաներից լսում էի, որ հիասթափված են, չեն կարևորում ֆիզիկական կրթությունը, առողջ ապրելակերպի հանդեպ անտարբեր են։ Ինչպես նաև փաստը, որ հենց Արցախում ապրող մարդիկ իրենց շրջակայքը բավարար չափով չեն ճանաչում։

Մանավանդ հակամարտությունների գոտում կարևոր է, որ տեղացիները շատ լավ ճանաչեն հայրենի բնությունը, համայնքները, սարերը, որպեսզի, կարիքի դեպքում, կարողանան պաշտպանել, պաշտանվել ու ապավինել սարերին։ Մինչ Արցախ տեղափոխվելը, ես աշխատում էի որպես լեռնային ուղեկցորդ. հնարավորություն եմ ունեցել Արցախի հիմնական բարձր գագաթները նվաճելու, և ուզում եմ, որ իմ աշակերտները ևս ունենան այդ հնարավորությունը՝ վերևից դիտել մեր հայրենիքը ու ներքևից շուրջը նայելիս ճանաչել մեր երկրի բարձր սարերը։ Առաջիկայում՝ օրերը տաքանալուն պես, նախատեսում ենք կազմակերպել արշավներ երեք կարևոր ուղղություններով՝ Կաչաղակաբերդ, Կոշիկ անապատ, Մեյդան։ Արդեն ունեցել ենք մեկ արշավ դեպի Պատարա գյուղի տարածքում գտնվող Արծվաքար (Ուրծյուքար), որին մասնակցել են քսաներեք աշակերտներ` Ստեփանակերտից և Պատարայից։

  • Կիսվել: