ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Այս փուլում ոչ մեկի հետ որևէ քննարկում չի ընթանում․ Արայիկ Հարությունյանի խոսնակը՝ Սամվել Բաբայանին պաշտոն առաջարկելու մասին

Այս փուլում ոչ մեկի հետ որևէ քննարկում չի ընթանում․ Արայիկ Հարությունյանի խոսնակը՝ Սամվել Բաբայանին պաշտոն առաջարկելու մասին

«Ազատ Հայրենիքի» մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքում է այն լուրերը, ըստ որոնց՝ հետընտրական բանակցություններ են սկսել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ, և նրան կառաջարկվի բարձր պաշտոն՝ սպասվող նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցություն ստանալու ակնկալիքով:

 

«Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, թե իբր հետընտրական բանակցություններ ենք սկսել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ, և նրան կառաջարկվի բարձր պաշտոն՝ սպասվող նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցություն ստանալու ակնկալիքով:

Հերքելով այդ տեղեկությունը՝ պաշտոնապես հայտնում եմ, որ ինչպես ապրիլի 1-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը, բոլոր քաղաքական, այդ թվում՝ արտախորհրդարանական ուժերի հետ պատրաստ ենք համագործակցելու՝ ի շահ մեր ժողովրդի միասնության և Արցախի զարգացման:

Այս փուլում, սակայն, ոչ մեկի հետ, հատկապես գործադիր իշխանության ձևավորման համատեքստում, որևէ քննարկում չի ընթանում: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների ամփոփումից հետո, մեր ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում, բոլոր քննարկումների ու որոշումների մասին բաց կխոսենք հանրության հետ: Մենք հավատարիմ ենք մնալու մեր հանրահռչակած սկզբունքին. կուլիսային քննարկումներ և որոշումներ չեն լինելու»,- գրել է նա:

  • Կիսվել: