ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ասկերանի շրջանում  նախատեսվում է իրականացնել տարածաշրջանում նախադեպը չունեցող բազմամիլիոնանոց բնակաշինական և զբաղվածության ապահովման ներդրումային ծրագրեր 

Ասկերանի շրջանում  նախատեսվում է իրականացնել տարածաշրջանում նախադեպը չունեցող բազմամիլիոնանոց բնակաշինական և զբաղվածության ապահովման ներդրումային ծրագրեր 

Ասկերանի շրջանում  նախատեսվում է իրականացնել տարածաշրջանում նախադեպը չունեցող բազմամիլիոնանոց բնակաշինական և զբաղվածության ապահովման ներդրումային ծրագրեր: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սասուն Բարսեղյանը:

Բարսեղյանը մասնավորապես տեղեկացրեց, որ զբաղվածության ծրագրերից մեկը պետք է իրականացվի «Ավրորա» հիմնադրամի հետ միասին: Խոսքը գնում է փոքր տնային տնտեսությունների ստեղծման խթանման ծրագրերի մասին` մասնավորապես մեղվաբուծություն, ինտենսիվ այգիների ստեղծում, ջերմոցային տնտեսությունների հիմնում, անասնաբուծություն, թռչնաբուծություն, գյուղական տուրիզմի զարգացում: Թվով մոտավորապես 15 ծրագրերի մասին է խոսքը, որոնք, շրջվարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ պետք է մշակվեն հնարավորինս սեղմ ժամկետներում`  մեկ շաբաթից ոչ ուշ:

«Սկզբում պետք է խոսենք տեղահանվածների հետ` հատ-հատ ներկայացնենք ծրագրերը, հասկանանք նրանց նախասիրությունները, որպեսզի չստացվի այնպես, որ մենք մարդկանց պարտադրում ենք մեր ծրագրերը: Պետք է ամեն ընտանիք զբաղվի իր համատ առավել նախընտրելի գործով»,- բացատրեց Բարսեղյանը:

Ծրագրերի իրականացման ընթացքը հետագայում պետք է հսկվի համայնքային իշխանությունների կողմից, որպեսզի չստացվի այնպես, որ մարդիկ, օրինակ, անասունը, կամ թռչուններին վաճառեն և նորից մնան առանց եկամտի աղբյուրի:

Բարսեղյանը նշեց, որ շահառուների առջև նպատակ է դրվելու մեծացնել իրենց տնտեսությունները. «Պետության կողմից տրված անասնագլխաքանակը, թռչունների և մեղուների թիվը պետք է ավելանա, որպեսզի, ավելացածը կարողանանք բաշխենք նոր տնտեսությունների միջև: Այդպես մենք կունենաք մուլտիպլիկատիվ էֆեկտ»:

Բացի այդ, Ասկերանի շրջանի Դարհավ գյուղի մերձակայքում մեծ ներդրումային ծրագիր է նախատեսում իրականացնել Երևանի շամպայն գինիների գործարանի սեփականատեր, ֆրանսիաբնակ Հրայր Հակոբյանը: Ծրագիրը կարժենա 6.5 մլն եվրո և այն աննախադեպ կլինի իր բնույթով և ծավալով:

Ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է հիմնել 20 խելացի անասնագոմ, կից պանրի գործարան, կաթի մթերման ձեռնարկություն, 10 ջերմոցային տնտեսություն, նաև 20 հեկտար ինտենսիվ այգիներ: Խելացի գոմերի համար Բելգիայից բերվելու են չիպավորված տոհմային խոշոր եղջերավոր անասուններ: Ինչպես մեզ բացատրեց Բարսեղյանը` չիպերի շնորհիվ հնարավորություն կընձեռվի դեռ 15 օր առաջ տեղեկանալ անասունների հիվանդության մասին: Անասնագոմերը աշխատելու են փակ, ինքնաբավ ցիկլով, այսինքն առանց թափոնների: Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ գոմաղբից ստացված բիոգազի շնորհիվ կջեռուցվեն ջերմոցները, ինչպես նաև ամբողջ Դարհավ գյուղը:

Բարսեղյանը պարզաբանեց, որ այդ ներդրումային ծրագիրը շատ հետաքրքիր կառուցվածք է ունենալու` բաժնետոմսերը բաշխվելու են երեք հավասար մասերի` ներդրողի, պետության և բնակիչների միջև: Հետագայում այդ համամասնությունը փոխվելու է հօգուտ պետության և բնակիչների, ավելի շատ հօգուտ բնակիչների: Այս ծրագրի ներդրումով Դարհավ գյուղի ինչպես բնիկների, այնպես էլ վերաբնակիչների զբաղվածության հարցը մեկընդմիշտ կլուծվի:      

Ծրագրի շրջանակներում, «խելացի անասնագոմերի» կոմպլեքսի կողքին, ճանապարհի հանդիպակաց կողմում, «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից կկառուցվի թվով 108 բնակելի տուն, Հադրութի շրջանի տեղահանված 3 գյուղերի՝ Մոխրենիս, Թաղուտ, Հակակու, բնակիչների համար։

Ասկերանի շրջանի մեկ այլ գյուղի` Աստղաշենի անմիջական հարեւանությամբ, արմատներով սղնախեցի բարերար Արման Հակոբջանյանի միջոցներով կկառուցվեն թվով 200 (սկզբնական շրջանում 120) բնակելի տներ, Ասկերանի շրջանի տեղահանված 4 գյուղերի՝ Մոշխմհատ, Սղնախ, Մադաթաշեն, Ջրաղացներ բնակիչների համար։ Շինարարությունը նախատեսված է արդեն սկսել մոտակա օրերին։

Ըստ Բարսեղյանի` այս պահին Ասկերանում կան 1600 տեղահանվածներ, թիվը անշուշտ մեծանալու միտում ունի: Ըստ համայնքապետի` ամռանը արդեն ազատ բնակֆոնդը ամբողջովին սպառված կլինի: 

  • Կիսվել: