Ասացին՝ Ստեփանակերտից պետք է դուրս գաք. ամուսինս այդ ապրումներից, որ նստեց մեքենայի ղեկին, ինսուլտ ստացավ. արցախցի կին
Անտառներով եկել ենք, հասել ենք մեր տուն, որովհետև մենք այդ օրն էլ էինք աշխատում. չգիտեինք կհասնենք տուն, թե չէ, որովհետև մենք ապրում էինք ոչ թե Ստեփանակերտում, այլ Մարտակերտի Կճողուտ գյուղում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19–ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում պատմեց արցախցի կինը։
«Չգիտեինք՝ ոնց կլինի, առավոտը ժամը 8:30 մեզ ասեցին, որ պետք է կալոնայով դուրս գանք տնից։ Ուղղակի չէիք պատկերացնում, որ մենք հետ չենք գալու։ Մեզ ասեցին՝ կտանեն մեզ, մի երկու օր կմնաք անտառներում։ Ընդհանրապես ոչ մի բան չենք վերցրել մեզ հետ։ Մենակ վերցրեցինք մի շիշ ձեթ, մի հատ փոքր գազի բալոն, մեկ էլ մի վեդրո կարտոշկա, որ գոնե այդ երկու օր անտառներում ուտենք, ոչ հաց կար, ոչ բան կար։
Բերեցին մեզ երեք օր պահեցին աերապորտում, երրորդ օրը ասեցին՝ դուրս եկեք, կարող է այստեղ էլ վնասեն ձեզ։ Ամսի 25-ի առավոտյան, ցավոք սրտի, մենք Ստեփանակերտից պետք է դուրս գայինք։ Ամուսինս այդ ապրումներից որ նստեց մեքենայի ղեկին, ստացավ ինսուլտ։ Հազիվ մի կերպ եկանք, հասանք Գորիսի գյուղը, չեմ հիշում անունը՝ Կոռնիձոր։ Այնտեղից միանգամից ամուսնուս սկոռիով տարան Գորիսի հիվանդանոց, մի շաբաթ հետո ուղղաթիռներով Սիսիանից բերեցին մեզ Երևան, մի ամիս էլ այնտեղ մնացինք «Սուրբ Սարգիս» հիվանդանոցում։
Ու այս երկու տարի է մենք տառապում ենք։ Չգիտեմ, դուք երևի չեք պատկերացնի, թե ինչով ենք մենք անցել»,– արցունքն աչքերին պատմում էր կինը։
«Վայ, Նիկոլ, ես ամբողջ օրը առավոտը սկսում է, մինչև գիշեր անիծում եմ Նիկոլին։ Ինքն էլ պետք է այդ ամեն ինչով անցնի, որ իմանա արցախցու վիճակը։ Չնայած երևի իր վրա չի էլ ազդի։
Ես Աստված եմ կանչում, Աստված կների ինձ, բայց ասում եմ՝ Նիկոլը ու իր խունտան պետք է այդ օրը ընկնի, որ մեր ղադրը իմանա, ուրիշ ոչ մի բան։
Եթե ասեն՝ վաղը գնում եք հետ Ղարաբաղ, առաջինը երևի ես կգնամ, չոքաչոք կգնամ, բոբիկ ոտերով կգնամ, մենակ թե ես գնամ, թող տունը չլինի, թող ոչ մի բան չլինի, բայց ես կգնամ, կհասնեմ»,– հուզված ասաց արցախցի կինը։


