Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը Բաքվի դատարանը երկարաձգել է ևս 5 ամսով
Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը Բաքվի դատարանը երկարաձգել է ևս 5 ամսով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, «Բինաղադինի շրջանային դատարանում դիտարկվել են միջնորդությունը եւ նախնական քննություն իրականացնող դատախազի առաջարկը։
Առաջարկվել է խափանման միջոցը երկարացնել եւս մի քանի ամսով, ինչը փաստարկվել է խոշոր քրեական գործի նախնական քննության շարունակմամբ։
Դատարանը բավարարել է միջնորդությունն ու առաջարկը։
Որոշման համաձայն՝ Ա.Ղուկասյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 5 ամսով»։
Բացի այդ, դատարանն ստացել է առաջարկ եւս մեկ բարձրաստիճան գերու ձերբակալման ժամկետը երկարացնելու մասին, նրա անունը չի նշվում։
Հիշեցնենք, որ ԱՀ նախկին նախագահը ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախում, ինչից հետո տեղափոխվել էր Բաքվի բանտ: