հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Արցախում արտոնյալներ չպետք է լինեն». Նախագահի խոսնակը՝ գեներալ Կարապետյանի ձերբակալության մասին

«Արցախում արտոնյալներ չպետք է լինեն». Նախագահի խոսնակը՝ գեներալ Կարապետյանի ձերբակալության մասին

Չնայած այն հանգամանքին, որ Արցախի նախագահը անցած ժամերի ընթացքում Սամվել Կարապետյանին աջակցող դիմումներ է ստացել և ինքն էլ բարձր է գնահատում Հայրենիքի պաշտպանության գործում պարոն Կարապետյանի ունեցած վաստակը, սակայն իրավասու չէ որևէ կերպ միջամտել իրավապահների աշխատանքին: Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով գեներալ Սամվել Կարապետյանի ձերբակալման լուրը։
 

«Գործը գտնվում է իրավապահ մարմինների լիազորությունների տիրույթում: Արցախի Հանրապետությունում բոլորն օրենքի առջև հավասար են, և այս առումով Նախագահը բազմիցս հայտարարել է, որ Արցախում արտոնյալներ չպետք է լինեն»,- նշեց Ավանեսյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ մայիսի 10-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան:

Դեպքի առթիվ ԱՀ իրավապահ մարմինների տարածած պաշտոնական հաղորդագրությունների­ համաձայն՝ անմիջապես ձեռնարկվել են քննչական և դատավարական գործողություններ, որի արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ և ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն:

Այս առթիվ մամուլն արդեն հաստատել է, որ ԱՀ քաղաքացի հանդիսացող Ս. Կ.-ն Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն է:

Նա Ստեփանակերտում մոտեցել է 4 երիտասարդների, ովքեր մեքենան կանգնեցրել էին «Արցախի Ազատամարտիկների միություն» ՀԿ-ի շենքի դիմաց, և խնդրել է, որ մեքենան մի կողմ քաշեն, քանի որ մուտքը փակում են: Ինչից հետո վիճաբանություն է սկսվել և Սամվել Կարապետյանը ինքնաձիգից կրակել է, որոնք դիպել են ասֆալտին, մեքենայի դռանը։

  • Կիսվել: