ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախում անց է կացվել «Գուպար» ազգային-ավանդական խաղերի մրցույթ

Արցախում անց է կացվել «Գուպար» ազգային-ավանդական խաղերի մրցույթ

Այսօր` հոկտեմբերի 16-ին, ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի և «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ ԱՀ Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղում կազմակերպվել է «Գուպար» ազգային-ավանդական խաղերի մրցույթ:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցույթի համար նախատեսված էր 5 ազգային խաղ` քաշոցի, աքլորակռիվ, լախտի, կոխ, պարանի ձգում: Մասնակցում էին տասնմեկ` Հադրութի «Դիզակ», Շուշիի «Շուշի», «Հարսանիք լեռներում», Ասկերանի «Բերդ», «Նշխար», Մարտունու «Ամարաս»,«Սոս», Մարտակերտի «Ջրաբերդ», «Գանձասար», Ստեփանակերտի «Հայկի սերունդ», «Արցախ» թիմերը։ Մրցույթին մասնակցելու համար մասնակիցները բաժանվել են  տարիքային 2 խմբերի` 14-17 տարեկան պատանիներ և 18-25 տարեկան երիտասարդներ: Յուրաքանչյուր թիմ 5 անդամ ուներ:
 
Մեզ հետ զրույցում Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանն ասել է, որ մրցույթի նպատակն է նոր շունչ հաղորդել ազգային-ավանդական խաղերին, որոնք, կարծես թե, մոռացության են մատնվել այսօրվա սերնդի կողմից:
 
Բնութագրությունը հասանալի չէ
«Այս խաղերը ոչ միայն երիտասարդներին զբաղեցնելու, այլ նաև կրթելու միջոց են: Ազգային-ավանդական խաղերը մանուկ հասակից ազդում են երեխաների ոչ միայն ֆիզիկական կարողությունների զարգացմանն ու կոփմանը, այլև օգնում են երեխաների մեջ զարգացնել հնարամտություն և մրցակցության գաղափար»,-նշել է Ե. Հայրիյանը:
 
Մրցույթի մասնակից Մանուշակ Բաղրյանի խոսքով` ազգային-ավանդական խաղերը պետք է պահպանել և փոխանցել սերունդներին:
 
Բնութագրությունը հասանալի չէ
 
«Նմանատիպ մրցույթները ոչ միայն հաճելի են և օգտակար, այլև` պարտադիր, հատկապես` երիտասարդության շրջանում: Մանկուց պետք է զբաղվել սպորտով, քանի որ սպորտը առողջ ապրելակերպի գրավականն է: Մրցույթում հաղթանակը, իհարկե, կարևոր է, սակայն մասնակիցը պետք է բավականություն ստանա իր ցուցաբերած խաղից»,- ասել է Մ. Բաղրյանը:
 
Մրցույթի առաջին տարիքային խմբում մրցանակային 1-ին տեղն է գրավել Մարտունու «Սոս» թիմը, 2-րդ տեղ` Ստեփանակերտի «Արցախ» թիմը, 3-րդ տեղ` Ասկերանի «Նշխար» թիմը: Երկրորդ տարիքային խմբում 1-ին տեղում Մարտունու «Ամարաս» թիմն էր, 2-րդ տեղում՝ Ասկերանի «Նշխար»֊ը, իսկ 3-րդ տեղում` Շուշիի «Հարսանիք լեռներում» թիմը: Հաղթող թիմերը պարգևատրվել են պատվոգրերով և հուշանվերներով:
 
Բնութագրությունը հասանալի չէ
 
Բնութագրությունը հասանալի չէ
 
Բնութագրությունը հասանալի չէ
 
 
 

  • Կիսվել: