ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախից տեղահանվածները ՀՀ կառավարությունից դրամական նոր աջակցություն կստանան

Արցախից տեղահանվածները ՀՀ կառավարությունից դրամական նոր աջակցություն կստանան

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2021թ–ի սեպտեմբեր– դեկտեմբերին դրամական նոր աջակցություն կտրամադրի Արցախի օկուպացված շրջաններից բռնի տեղահանված քաղաքացիներին:Այս մասին «Հայաստան» դաշինքի կազմակերպած քննարկման ժամանակ հայտնել է փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:

Նրա խոսքով` 25 հազար դրամ կհատկացվի տեղահանված մեծահասակներին, իսկ 50 հազար դրամ ՝ անչափահասներին ու 1 -ին և 2 -րդ խմբերի հաշմանդամներին։ Ընդ որում, այդ գումարները նախատեսված են ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։
 
Աջակցությունը նախատեսվում է սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսների համար, բայց քանի որ որոշումն ամենայն հավանականությամբ կկայացվի հոկտեմբերի վերջին, արցախցիները սեպտեմբերի գումարները կստանան հետադարձ ուժով:

«Բայց դա չի նշանակում, որ 2022 թվականից մեր հայրենակիցների աջակցությունը կդադարի: Եթե հիշում եք` 2021 թվականի բյուջեում պաշտոնական օգնության ծրագրեր չկային, բայց իրականում մենք հատկացրել ենք գրեթե 100 մլրդ դրամ», - լրատվալանի հարցին ի պատասխան ասել է Խաչատրյանը:

ՀՀ-ում ԼՂ օպերատիվ շտաբի համակարգող Միքայել Վիրաբյանն էլ հիշեցրել է, որ զուգահեռաբար շարունակվում են նաև ՀՀ -ում գտնվող արցախցիների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերը։ Դրանցից առաջինը ներառում է գործատուի մոտ 3-ամսյա վերապատրաստում, որից հետո նա աշխատանքի է ընդունվում: Այդ երեք ամսվա ընթացքում աշխատողը ստանում է 100 հազար դրամ: Երկրորդ ծրագիրը վերաբերում է վճարովի հասարակական աշխատանքներին, որոնց դիմաց վճարվում է օրական 6500 դրամ։ Այս ծրագրերի շրջանակում աշխատում է շուրջ 500 մարդ:
 
Բացի այդ, այն գյուղաբնակները, որոնք համաձայն են մշակել իրենց առաջարկվող հողատարածքը, ստանում են տարեկան 200 հազար դրամ աջակցություն` յուրաքանչյուր 1 հեկտարի մշակման դիմաց: Այս ծրագրում ընդգրկված են շուրջ 110 ընտանիք, որոնք այժմ մշակում են մոտ 380 հա ՀՀ տարածքում:

  • Կիսվել: