ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար կհատկացվի մոտ 50 միլիոն դոլար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար կհատկացվի մոտ 50 միլիոն դոլար

«Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանի տնտեսության մեջ ներդրում անելու կոչ է անում։ Ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը ելույթ ունենալով Երևանում Armenia Business Forum-ի շրջանակներում, ներկայացրել է ընկերության կողմից ՀՀ-ում և Արցախում նախատեսվող ներդրումային մի շարք ծրագրեր․ նախատեսվում է ընդհանուր առմամբ կատարել  780 մլն դոլարի ներդրում։

Մասնավորապես ներդրումներ կլինեն էներգետիկայի ոլորտում՝ 600 միլիոն ԱՄՆ դոլար,  արտադրության՝ 50 մլն դոլար, տուրիզմի ոլորտում ևս 50 մլն դոլար։ Երիտասարդական գործարարության խթանման համար ընկերությունը կներդնի 30 մլն դոլար, եւ Արցախի ժողովրդի բարեկեցությանն համար «Տաշիրը» կտրամադրի 50 մլն դոլար։

«Ուրախ եմ՝ ողջունելու ձեզ Երևանում: Այսօր այստեղ են հավաքվել Ռուսաստանի և Հայաստանի գործարար շրջանակների կայացած ներկայացուցիչներ, երիտասարդ գործարարներ։

Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ՝ վարչապետ պրն. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և Ռուսաստանի կառավարական պատվիրակության անդամներ՝ Կառավարության նախագահի տեղակալ պարոն Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ:

Մեզ համար հատկապես հաճելի է, որ Ֆորումի գործընկեր երկիրը Ռուսաստանի Դաշնությունն է: Մենք ուրախ ենք, որ կարևորում եք Հայաստանի առաջին (հուսով եմ՝ հետագայում գլխավոր) գործարար ֆորումը:

 Ձեզ համար միայն լավ նորություններ ունեմ:

Մենք այսօր ՉԵՆՔ հայտարարելու նոր հիմնադրամների ստեղծման մասին և կոչ ՉԵՆՔ անելու Ձեզ միջոցներ փոխանցել այդ հիմնադրամներին:

Մենք կոչ ենք անելու արդյունավետ ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ:

 Չնայած վերջին տարիների դժվարություններին՝ Հայաստանը շարունակում է բիզնեսի համար բարենպաստ երկիր լինել, հատկապես՝ Ռուսաստանի գործարարների համար:

Հայաստանի տնտեսությունը բաց է սերտ համագործակցության համար՝ շնորհիվ մեր ժողովուրդների միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունների:

Հենց այդ նպատակով էլ Հայ գործարարների ասոցիացիան կազմակերպել է այս Ֆորումը, որի նպատակներն են՝

1) Հայաստանի տնտեսության զարգացում ՝ ներդրումների միջոցով,

2) տարբեր երկրների, առաջին հերթին Ռուսաստանի գործարարների միջև ավելի սերտ տնտեսական համագործակության հաստատում,

3) նոր մակարդակի երկխոսության ձևավորում և ամբողջ աշխարհով հայ գործարար համայնքի միավորում,

4) երիտասարդական գործարարության խթանում և աջակցություն:

Հայաստանում ռեալ ներդրումներ ներգրավելու համար կարևոր է բազմակողմանի աշխատել ինվեստիցիոն կլիմայի բարելավման ուղղությամբ:

Պետությունն իր հերթին պետք է բիզնեսի համար այնպիսի պայմաններ ստեղծի, որոնց առկայության դեպքում այն առավել հարմար ու արդյունավետ կգործի:

Բիզնես համայնքին դիմելիս ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ այսօր Հայաստանում արտահանողների բարենպաստ օրենսդրական դաշտ է ստեղծվել։ Այն լայն դռներ է բացում այստեղ բիզնես վարելու տեսանկյունից:

Քանի որ Հայաստանի ներքին շուկան սահմանափակ է, անհրաժեշտ է այն ինտեգրել ավելի մեծ միջազգային շուկաներին, որոնցից ամենակարեւորը ռուսականն է։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենամեծ ներդրողը մեծ արտահանման հնարավորություններով։

Այս կապակցությամբ ես կցանկանայի հատուկ ընդգծել ռուսաց լեզվի դերը՝ որպես ինտեգրման կարևորագույն գործոն մեր երկրների միջև: Ռուսաստանը և Հայաստանը կապված են մշակութային, հոգևոր, պատմական ու տնտեսական երկարամյա սերտ կապերով, որոնք նպաստում են Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը:

Հայակական շուկան ռուսական բիզնեսի համար ավելի գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել ռուսաց լեզվի՝ պետական մակարդակով ուսուցումը:

Կցանկանայի մասնավորապես հրավիրել Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրությունը այս հարցին: Նախևառաջ խոսքը դպրոցներում և այլ կրթական հաստատություններում ռուսերենի պարտադիր ուսուցման մասին է:

 Մենք գիտակցում ենք պահի լրջությունը և հասկանում, որ ապագա կայուն տնտեսական աճի ապահովման համար պետք է աշխատել հենց հիմա, հենց այսօր, գործնական կոնկրետ քայլերով:

Դիմում եմ ձեզ եւ ողջ հայ բիզնես համայնքին. եկեք համախմբենք մեր ջանքերը Հայաստանի շուրջ։ Հայերը հսկայական պոտենցիալ ունեցող ժողովուրդ են, եւ մեր խնդիրն է համախմբել մեր ռեսուրսները մեր երկրի կայուն ապագայի համար։

Այդ նպատակով ուզում եմ ներկայացնել «Տաշիր» ընկերությունների խմբի առաջիկա հինգ տարվա ներդրումային ծրագիրը:

1-ը Էներգետիկայի ոլորտն է

Էներգետիկան ցանկացած երկրի տնտեսության կայուն գործունեության հիմքն է: Հայաստանի դեպքում սա կրկնակի կարևոր է: Հայաստանի էներեգետիկ  անվտանգության ապահովման, այդ թվում՝ նոր արտադրական հզորությունների ստեղծման եւ էլեկտրական ցանցերի արդիականացման համար մենք պլանավորում ենք ներդնել մինչեւ 600 միլիոն ԱՄՆ դոլար:

2-րդ կարեւոր ուղղությունը արտադրությունն է

Տնտեսության կայուն զարգացումը անհնար է առանց արտադրական հզորությունների զարգացման, այդ թվում՝ այդ ոլորտում նոր իննովացիոն որոշումների կիրառմամբ:

Նոր հզորությունների զարգացումը ամբողջ տնտեսության շարժիչ ուժն է։ Այն մեծացնում է արտահանման պոտենցիալը, երկրի բնակչությանն ապահովում աշխատատեղերով։

Այս նպատակների համար հատկացվելու է ընդհանուր 50 միլիոն ԱՄՆ դոլար: 

«Տաշիր» ընկերությունների խմբի համար 3-րդ կարեւոր ուղղությունը տուրիզմի ոլորտն է

Տուրիզմի ոլորտը մեծ ուշադրություն է պահանջում: Հայաստանը յուրահատուկ տուրիզմի երկիր է զարգացման մեծ պոտենցիալով:

Այդ նպատակների համար մենք կհատկացնենք մոտ 50 միլիոն ԱՄՆ դոլար։

Հաջորդը՝ երիտասարդական գործարարության խթանումն է

Կարեւոր է չանտեսել նաեւ մեր երիտասարդ սերնդի նախաձեռնությունների աջակցությունը։ Այդ ծրագրերին կտրամադրենք մոտ 30 մլն դոլար։

Եվ 5-րդը՝ հատկապես կարեւոր եմ համարում շարունակել Արցախի զարգացման ծրագրերը

Հայաստանը հնարավոր չէ պատկերացնել առանց Արցախի:

Մեր խնդիրն է՝ ապահովել կայուն և անվտանգ ապագա Արցախի համար:

Մենք միշտ հատուկ ուշադրություն ենք ունեցել Արցախի ժողովրդի նկատմամբ, այդպես կշարունակենք նաև ապագայում:

Արցախի Հանրապետության տնտեսության զարգացման եւ Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար կհատկացնենք մոտ 50 միլիոն ԱՄՆ դոլար:

Ես բարձրաձայնեցի մեր պլանների մասին։ Ես ուզում եմ հավատալ, որ մոտ ապագայում կլինեն նոր ծրագրեր ու նախաձեռնություններ բիզնեսի կողմից։ Համոզված եմ, որ մեր ձեռքերում է հնարավորություններ ստեղծել, որոնք Հայաստանը ուժեղ երկիր կդարձնեն ու կապացուցեն ողջ աշխարհին, որ մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում։

Շնորհակալություն»,- ելությում ասել է Կարապետյանը։

  • Կիսվել: