կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի նախագահը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչների

Արցախի նախագահը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչների

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հունվարի 29-ին տեղի է ունեցել 2021 թվականին հայրենական և միջազգային  հարթակներում մրցանակային տեղեր զբաղեցրած արցախցի մարզիկների պարգևատրման միջոցառում, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման:  

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Հարությունյանը գրանցած հաջողությունների առթիվ շնորհավորել է Արցախի մարզիկներին` նշելով, որ նրանք մեծապես նպաստում են մեր հանրապետությունում սպորտի զարգացմանն ու աշխարհում մեր երկիրը  արժանիորեն ներկայացնելու գործին:  Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման, մարզական հերթափոխի պատրաստման գործում ունեցած ավանդի համար նախագահ Հարությունյանը ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հանձնել է մեդալներ, ինչպես նաև Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի ու  Վաստակավոր մարզչի կոչումների վկայականներ:
 
Երկրի ղեկավարը բոլոր պարգևատրվածներին նորանոր հաջողություններ է մաղթել  ու ընդգծել, որ հանրապետության իշխանությունները շարունակելու են հատուկ ուշադրության կենտրոնում պահել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծելով այդ բնագավառի զարգացման համար:
 
Միջոցառմանը ներկա էին նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետնախարար Արտակ Բեգլարյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:

  • Կիսվել: