երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջ քաշած շինծու օրակարգն իրականում Ադրբեջանի հանցավոր արարքները լեգիտիմացնելու փորձ է․ ԱՀ նախագահ

Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջ քաշած շինծու օրակարգն իրականում Ադրբեջանի հանցավոր արարքները լեգիտիմացնելու փորձ է․ ԱՀ նախագահ

Հենց հիմա Արցախի Հանրապետության ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության և կանգնած է ոչնչացման ու հայրենազրկման իրական սպառնալիքի առջև։ Այս մասին միջազգային հանրությանն ուղղված ուղերձում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջ քաշած շինծու օրակարգն իրականում Ադրբեջանի հանցավոր արարքները լեգիտիմացնելու փորձ է։ Առանց միջնորդների և գործուն երաշխիքներ նման բանակցություններում Արցախի մասնակցությունը խրախուսելու ցանկացած կոչ ընկալում ենք որպես օժանդակություն Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության իրացմանը։ Այս պայմաններով որևէ նման բանակցությունների Արցախի մասնակցությունը կլինի Ադրբեջանի ցեղասպանական մտադրության իրացման քողարկված ընդունում և իրականացում։

Բանակցությունների արդյունավետության ու լեգիտիմության համար անհրաժեշտ է ապահովել, որ կողմերն առնվազն հետեւեն միջազգային իրավունքի նորմերին: Ընդ որում, ինչպես բուն հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկները, այնպես էլ դրանց իրականացման հնարավոր հետեւանքները պետք է մշտապես համահունչ լինեն միջազգային իրավունքների սկզբունքներին եւ համամարդկային արժեքներին: Այս բոլորը սակայն մինչ օրս հաջողությամբ եւ անպատժելիորեն խախտվում են Ադրբեջանի կողմից»,- ասաց Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ Արցախը մշտապես հանդես է եկել եւ շարունակում է հանդես գալ կենսունակ եւ առարկայական բանակցությունների մեկնարկի օգտին, որոնց չափանիշները կհամապատասխանեն արդարության, արժանապատվության եւ հավասարության համընդհանուր սկզբունքներին: 

«Մեր անդրդվելի դիրքորոշումն է, որ անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել բանակցությունների համար բարենպաստ ու հավասար պայմաններ, ապա սկսել համաձայնեցնել բանակցությունների միջազգային մեխանիզմը, որն օժտված կլինի համապատասխան միջազգային մանդատով եւ կսահմանի բանակցային գործընթացի չափանիշները՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի եւ միջազգային պրակտիկայի վրա այլապես առաջարկը բանակցելու մի կողմի հետ, որը չի հրաժարվում մյուս կողմին ցանկացած թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական միջոցներով ոչնչացնելու իր հանցավոր մտադրությունից, քննարկման առարկա լինել չի կարող»,- ասաց Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝ Արցախի շրջափակումն ուղղակի շարունակությունն է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Թուրքիայի եւ Մերձավոր Ալեւելքից ահաբեկչական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի: 

«Ադրբեջանը հետեւողականորեն վարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու քաղաքականություն՝ ուղեկցելով իր գործողություններն ուժի կիրառմամբ եւ մարդու իրավունքների զանգվածային խախտումներով: Այս քաղաքականության վերջնանպատակն է փակել Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքի հարցով։ 2 տարի անց չկարողանալով հասնել իր նպատակներին՝ Արցախի ժողովրդին ռազմական ճանապարհով վտարել հայրենիքից, Ադրբեջանը շարունակում է հետեւողական փորձեր կատարել իր հանցավոր նպատակներին հասնելու համար ոչ ռազմական, բայց ոչ պակաս անմարդկային մեթոդներով»,- ասաց Հարությունյանը։

  • Կիսվել: