երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի նախագահը խոստացավ, որ առաջիկա օրերին ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցիները կվերադարձվեն հայրենիք

Արցախի նախագահը խոստացավ, որ առաջիկա օրերին ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցիները կվերադարձվեն հայրենիք

Լուսադեմին ժամը 5-ին Ստեփանակերտում ավարտվեց դեռ երեկոյան 21-ից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մեկնարկած Խորհրդարանի նիստը։

Ամբողջ գիշեր ստեփանակերտցիները հավաքված էին խորհրդարանի շենքի դիմաց՝ սպասելով իշխանությունների որոշմանը Արցախի հետագա ճակատագրի և առաջիկա քայլերի վերաբերյալ։

Նիստից հետո ժողովրդի մոտ դուրս եկավ նախագահ Հարությունյանը և հավաստեց, որ երեկ Լաչինի միջանցքի ադրբեջանական անօրինական անցակետից առևանգված արցախցի երիտասարդները առաջիկա օրերին կվերադարձվեն Արցախ։

«Ես խոստանում եմ, որ առաջիկա օրերին նրանք կվերադարձվեն Արցախ, ես առավոտյան ժամը 9-ին տղաների ծնողներին հրավիրում եմ նախագահական, հենց իրենց մոտից կապ կհաստատվի տղաների հետ, որից հետո կասեն, թե որ կոնկրետ պաշտոնյան է նրանց բերելու Արցախ», - խոստացավ նախագահը։

Հաջորդ հարցը, որ քննարկվել է դա հումանիտար աղետը մեղմելու հարցն է։ Սակայն հավաքված ժողովուրդը ընդվզեց, որ հարցը պետք է գլոբալ լուծվի, այլ ոչ միայն հանապազօրյա հաց ապահովվի։

Նախագահը շեշտեց, որ ճանապարհը պետք է բացվի, միևնույն ժամանակ նա պնդեց. «Ճանապարհը պետք է բացվի, և կա մի ճանապարհ՝ Լաչինի միջանցքը, որևէ այլ ճանապարհ չկա»։ Այս հայտարարությունը ներկաները ընդունեցին ծափերով։
 
Հաջորդ հարցը, որ քննարկվել է նիստում՝ դա նախագահի հրաժարականի հարցն է։ Հարությունյանը հավաստեց, որ պատրաստ է ցանկացած ժամանակ հրաժարական տալ և գնալ շարքային արցախցու կողքին կանգնել խրամատում։ Նա ասաց, որ այդ հարցը վերջնական կլուծվի առաջիկա օրերին։
 
 
 
 

  • Կիսվել: