հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի իշխանությունները չեն խառնվել և չեն խառնվում հայաստանյան ներքին գործընթացներին. ԱՀ պատգամավոր

Արցախի իշխանությունները չեն խառնվել և չեն խառնվում հայաստանյան ներքին գործընթացներին. ԱՀ պատգամավոր

Հայաստանում և Արցախում վերջին զարգացումներին, Արցախում առկա խնդիրներին, դրանց լուծման ուղիներին, ինչպես նաև ապագայի տեսլականներին InfoPort.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՀ  Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը:

 –Պարոն Դանիելյան, վերջին շրջանում Հայաստանում ներքաղաքական իրավիճակը լարված է, ընդդիմությունը փորձում էր փողոցային բողոքի ակցիաների միջոցով «փրկել Արցախը»: Արդյո՞ք ընդդիմության նման մարտավարությունը որևէ կերպ օգնում է Արցախի հարցի լուծմանը կամ երկրի առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը:

-Արցախի իշխանությունների դիրքորոշումը այս հարցում շատ հստակ է` ԱՀ-ն չի’ խառնվել ու չի’ խառնվում Հայաստանի ներրքաղաքական  գործընթացներին: Սակայն չմոռանանք, որ Հայաստանի գործող իշխանությունը 2018-ի հեղափոխության  արդյունքում  եկավ իշխանության` արտահայտելով ժողովրդի կամքը: Ապա ամիսներ անց`  2018-ի  դեկտեմբերին, ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով այդ հաղթանակը վերահաստատվեց: Այնուհետև այդ մանդատը մեկ անգամ ևս ամրագրվեց 44 օրյա պատերազմից հետո, երբ ներքաղաքական լարված իրավիճակի հանգուցալուծումը տրվեց  2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններով: Այս գործընթացները վկայում են, որ Հայաստանում իշխանությունը ձևավորվում է ընտրությունների միջոցով` ՀՀ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների ազատ կամարտահայտմամբ, և  Արցախը, բնականաբար չի կարող խառնվել այդ պրոցեսներին: 

–Դուք նշեցիք, որ Արցախը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին, սակայն հայաստանյան ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցում էին նաև արցախցիներ, ինչը հայաստանյան հանրության որոշակի հատվածի մոտ դժգոհություն էր առաջացնում...

 -Հայաստանում ընդդիմության կողմից անցկացվող ակցիներին արցախցիների մասնակությունը դեռ չի խոսում այն մասին, որ ԱՀ իշխանությունը  միջամտում է ՀՀ ներքաղաքական պրոցեսներին: Ինչպես գիտեք Հայաստանում Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 հազար մարդ է այս պահին բնակվում, որոնք խնդիրների լուծման իրենց պատկերացումները ունեն: Յուրքանչյուր ոք ունի իր դիրքորոշումը ու կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Կրկնեմ սակայն, դա  ամենևին չի նշանակում, որ  Արցախի Հանրապետության իշխանությունները որևէ կերպ ուղղորդում են այդ մարդկանց: Ես ևս մեկ անգամ շեշտում եմ` ԱՀ իշխանության կողմից  ո’չ նախկինում, ո’չ հիմա, ոչ էլ ապագայում  նմանատաիպ հարցերում որևէ միջամտություն չի եղել:

-Իսկ հնարավո՞ր է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները տարածվեն նաև Արցախում, կա ՞ ն նման նախադրյալներ:

-Այս պահին նման նախադրյալներ չեմ տեսնում: Ուզում եմ հիշեցնել, որ Արցախում   սեպտեմբերի 27-ից գործող ռազմական դրությունը շարունակվում է և հավաքները արգելված են: Բացի այդ, այսօր Արցախում բոլորիս համար  առաջնահերթությունը մեր ժողովրդի  անվտանգության, այլ ոչ թե ներքաղաքական հարցերն են: 

 –Իսկ իրականում ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել Արցախին օգնելու, առկա խնդիրները մեղմելու-հաղթահարելու համար:

-Արցախն այսօր վիրավոր է: 2020 թ.-ի սեպտեմբերի 27 -ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը լրջագույն  հետևանքներն է թողել: Եվ այս պարագայում,  Արցախն ինչպես  Հայաստանի հանրապետության,  այնպես էլ համայն հայության աջակցության կարիքն ունի:  Արցախի հանրապետության ժողովուրդը, նոյեմբերի 9 –ից  հետո, բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնել: Օր առաջ անհրաժեշտ է լուծել  զոհված զինծառայողների և նրանց ընտանքիների անդամների սոցիալական աջակցության հարցերը, բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերադարձը ապահովող քայլեր ձեռնարկել: Այսօր մեր առաջնահերթությունը պետք է լինի բռնի տեղահանված արցախցիների հայրենիք վերադառնալու համար նպաստավոր պայմանների ստեղծումը: Այդ նպատակով հատուկ ուշադրությունն է դարձվում բնակարանաշինական աշխատանքներին: Մյուս կարևորագույն խնդիրը շարունակում է մնալ  կոմունիկացիաների  վերականգնումը: Արցախի փրկությունը պայմանավորված է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ և արցախցիների տոկունությամբ և հայրենիքում ապրելու ու արարելու կամքով:

-Պարոն Դանիելյան, իսկ ո՞րն է Արցախի հարցի լուծման Ձեր տեսլականը:  

-Արցախի ժողովուրդը ունի սահամանած կարմիր գծեր: Եթե հիշում եք, Արցախի Ազգային ժողովի հինգ խմբակցությունները ապրիլի 14-ին հայտարարությամբ էին հանդես եկել, որով մեկ անգամ ևս ընդգծել էինք Արցախի դիրքորոշումը իր ապագայի առնչությամբ՝ մեզ համար անընդունելի է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Պետք է խաղաղ բանակցությունների միջոցով որոշվի Արցախի կարգավիճակի հարցը ազգերի ինքնորշման հիմնարար սկզբունքի հիման վրա:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին անկախության հռչակագրով և դեկտեմբերի 10-ի հանրաքվեով Արցախի ժողովուրդը որոշել է իր ուղին` այն է ստեղծել է անկախ պետություն: Առաջին պատերազմը մենք հաղթեցինք, ստատուս-քվոն պահպանվեց մինչև 2020 թվականը, և մենք այդ ճանապարհից հետ չենք կանգնելու` անկախ վերջին պատերազմի արդյունքներից:

Հիշեցնեմ, որ 1992 թվականին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվել է որոշում, ըստ որի Հայաստանի իշխանւթյունները երբեք չեն ստորագրի որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախի Հանրապետությունը կլինի Ադրբեջանի կազմում: Մենք ապրիլի 14-ին հայտարարեցինք մեր հստակ դիրքորոշումը` Արցախը երբեք ոչ մի կարգավիճակով չի լինի Ադրբեջանի կազմում: Դա հստակ  մեսիջ էր  ուղղված և’ այսօրվա, և’ վաղվա  իշխանություններին:

Այսօր Արցախի հիմնախնդրի լուծման միակ լեգիտիմ ձևաչափը Մինսկի խումբն է, որը չնայած ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով որոշակի սառեցված է, բայց ճգնաժամից հետո, հավանաբար, ֆորմատը նորից կսկսի գործել:

–Իսկ ինչ՞եք կարծում  ներկայիս իրավիճակում ով պետք է ապահովի Արցախի անվտանգությունը և փխրուն ստատուս-քվոն՝ Հայաստա՞նը, Ռուսաստա՞նը:

-Այսօր ստեղծված իրավիճակում այն պահպանողը ռուս խաղաղապահներն են ու հավանաբար 2025 թվականից հետո այդպես էլ կշարունակվի: Սակայն Հայաստանը ևս հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը:

 –Մտավախություն չկա՞, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ռուսաստանը չկարողանա ամբողջովին կամ արդյունավետ կատարել իր այդ առաքելությունը:

-Ես վստահ եմ, որ ռուսական ազդեցությունը չի կարող թուլանալ տարածաշրջանում:

–Ինչպե՞ս եք տեսնում Արցախի զարգացման տեսլականը՝ հաշվի առնելով, այն, որ պատերազմից հետո երկիրը փաստացի կիսաանկլավային իրավիճակում է հայտնվել:

-Ստեղծված իրավիճակում մեր հիմնական ուշադրությունը պետք է սևեռվի տնտեսության ինտենսիվ զարգացման վրա: Իսկ տնտեսության մեջ գերակա ճյուղը Արցախում եղել և մնում է գյուղատնտեսությունը: Այս համատեքստում մենք առաջնահերթ պետք է լուծենք գյուղմթերքի սպառման հետ կապված խնդիրները: Մինչ պատերազմը այդ հարցը  ամբողջովին լուծված էր, դեռ մի բան էլ արտահանում էինք: Բնականաբար տնտեսության զարգացման համար այն էլ պատերազմից հետո պետք են զգալի ներդրումներ:

 

  • Կիսվել: