երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի Գիտական կենտրոնում դրված են գիտությունից արտադրություն տանող ճանապարհի հիմքերը. Տնօրեն

Արցախի Գիտական կենտրոնում դրված են գիտությունից արտադրություն տանող ճանապարհի հիմքերը. Տնօրեն

Արցախի Գիտական կենտրոնը հիմնադրվել է 2007 թվականի դեկտեմբերի 27-ին` ԱՀ Կառավարության որոշմամբ: Այսօր կենտրոնում դրված են գիտությունից արտադրություն տանող ճանապարհի հիմքերը:

2021 թվականի ընթացքում կենտրոնի կատարած աշխատանքների մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է տնօրեն Անյուտա Սարգսյանի հետ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Հիմնադրումից մինչ օրս կենտրոնը համագործակցում է տարբեր գիտական կառույցների հետ, ունենում մեծ ձեռքբերումներ: Գիտահետազոտական և գիտակրթական համագործակցություններ ենք իրականացրել «Հայկենսատեխնոլոգիա» Գիտաարտադրական կենտրոնի, Էկոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, Բյուրականի աստղադիտարանի, Ֆիզիոլոգիայի, Ռադիոֆիզիկայի, Արևելագիտության, Երկրաբանության ինստիտուտների հետ:

Հայաստանի Հանրապետության Գիտության կոմիտեի կողմից ստացել ենք համագործակցության չորս ծրագիր՝ «Հակամանրէային կենսապատրաստուկների ազդման հետազոտությունն ընդդեմ թոքաբորբի հարուցիչների աճի», «Արցախի բնակչության կյանքի որակի բժշկակենսաբանական վերլուծությունը հետպատերազմյան շրջանում», «Էկոլոգաերկրաքիմիական հետազոտություններ Արցախի տարածքում. Ստեփանակերտ քաղաքի փողոցային փոշու և դրա հետ ասոցացված պոտենցիալ տոքսիկ տարրերի մակարդակների գնահատումը հետպատերազմյան շրջանում» , «ԱՀ տարածքում գործող կաթի վերամշակման գործարաններում առաջացող կաթի շիճուկի բաղադրատարրերի համալիր հետազոտություն և ԿԱՄ-երի անջատում» թեմաներով, որոնք պետք է ավարտին հասցվեն 2023 թվականին»,-ներկայացրել է Ա. Սարգսյանը:Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակիցը նշել է նաև, որ կենտրոնի կողմից ութ հոդված է տպագրվել ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ընդունելի պարբերականներում, ինչպես նաև մեկ հոդված տպագրվել է միջազգային ամսագրում, իսկ չորս հոդված տրվել է տպագրության:

Կենտրոնը ստացել է նաև բնագիտական ուղղվածության գիտաժողովների մասնակցության հրավեր:

«Ստացել ենք «100 գաղափար Հայաստանի համար» մրցանակ. կենտրոնից երեք հայտով մասնակցել ենք, որոնցից երկուսը անցել է կիսաեզրափակիչ, իսկ մեկը հանդես է եկել որպես մրցանակակիր: Արդեն 6 տարի է` մասնակցում ենք Հայ օգնության ֆոնդի կողմից հայտարարված մրցույթին, որտեղ արդեն հաջողություններ ունենք, ինչպես ֆինանսավորված, այնպես էլ եզրափակիչ փուլ անցած աշխատանք, որը միջոցների սղության պատճառով չի ֆինանսավորվել, սակայն համարվել ենք հաղթող: Մեր այն աշխատանքները, որոնք չեն ֆինանսավորվում, չեն մնում թղթի վրա, դրանք բոլորն էլ իրագործվում են: Այսօր Գիտական կենտրոնում գործում է վեց լաբորատորիա, որոնք կահավորված են անհրաժեշտ սարքավորումներով, իսկ մեկն առաջիկայում կկահավորվի: Կահավորման հարցերում մեծ աջակցություն ենք ստանում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների կողմից»,-նշել է տնօրենը:

Բնութագրությունը հասանալի չէ

Խոսելով ընթացիկ տարում նախանշված անելիքների մասին՝ Գիտական կենտրոնի տնօրենը որպես ձեռքբերում առանձնացրեց «Նարինե պլյուս» կաթնամթերքի արտադրամասի բացումը, որի արտադրանքի պահանջարկը լայն թափով աճում է հասարակության շրջանում:

Բնութագրությունը հասանալի չէ

««Արցախի երկնքի տակ» ծրագրի շրջանակներում Բյուրականի աստղադիտարանը նախատեսում է տասը աստղադիտակ նվիրել Արցախի՝ հիմնականում սահմանամերձ գյուղերի դպրոցներին: Կկազմակերպվի գիտական ճամբար դպրոցականների և համալսարանի Բնագիտական ֆակուլտետի բակալավրիատում սովորող 3-րդ և 4-րդ կուրսերի 20 ուսանողների համար»,-ասել է Ա. Սարգսյանը:

  • Կիսվել: