շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի գանձերը. գրատպությունը Արցախում

Արցախի գանձերը. գրատպությունը Արցախում

ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել հայկական գրատպության և Արցախում բացված առաջին տպարանի վերաբերյալ:

Հայկական գրատպությունն ավելի քան 500 տարվա պատմություն ունի։ Պատմական Արցախի տարածքում առաջին տպարանը բացվել է Շուշիում։ 1823 թ. Շվեյցարիայի Բազել քաղաքի Աստվածաշնչական քարոզչական ընկերությունը հաստատվել է Շուշիում՝ իր հետ բերելով տպագրական սարքեր: Միսիոներներից առավել ակտիվ ու ձեռներեց էին Ավգուստ Դիտրիխն ու Ֆելիցիա Զարեմբան, որը նաև գիտեր հայերեն։ 1827 թ. բացված տպարանում լույս է տեսել առաջին՝ «Պատմութիւն Սուրբ Գրոց» գիրքը, որը ռուսերենից թարգմանել էր Հարություն Ջուղայեցի Դավթյանը։ 

Շուշիում տպագրված առաջին գրքերը կրոնաբարոյական բնույթի էին և քարոզչական նպատակներ էին հետապնդում։ Բացի հոգևոր գրականությունից, Շուշիի տպարանում լույս են տեսել դասագրքեր, թարգմանական գործեր։ Մասնագետները նշում են 1828-1837 թթ. Շուշիի հրատարակությունների լեզվի հղկվածության ու մատչելիության մասին։ 19-րդ դարում, ընդհանուր առմամբ, 139 գիրք է տպագրվել Շուշիի 8 տպարանում, ինչը վկայում է Շուշիի մշակութային, հոգևոր կյանքի բարձր մակարդակի մասին:

Այս գրքերն այսօր գտնվում են աշխարհի տարբեր երկրների գրադարաններում ու գրացանկերում: Սա ևս մեկ անուրանալի փաստ է, որ Շուշին և Արցախը, ընդհանրապես, տարբեր երկրների կողմից ընդունվել և մշակութային առումով ճանաչվել են որպես հայ ժողովրդի, հայ մշակույթի, հայ ինքնության կարևորագույն կենտրոն: Շուշիի տպարաններում տպագրվել են նաև պարբերականներ։ Մինչև 1920 թ. Շուշիում լույս է տեսել 22 անուն լրագիր ու հանդես, որից 2 անունը՝ ռուսերեն Шушинский листок (1911), Шушинская жизнь (1913-1914)։ Շուշիի մամուլի առաջին անունը 1874 թ. «Հայկական աշխարհ» հանդեսն է։

Հետագայում տպագրվել են «Քնար խոսնակ» (1881), «Գործ» (1882-1984), «Ծիածան» (1886), «Աշակերտական թերթ» (1896-1897), «Ազգագրական հանդես» (1896-1916), «Կռունկ» (1898-1900) «Ղարաբաղ» (1911-1912), «Աշակերտ» (1913), «Միություն», «Միրաժ» (երկուսն էլ՝ 1913-1917), «Ղարաբաղի ձայն» (1915), «Փայլակ», «Պայքար» (երկուսն էլ՝ 1915-1917), «Նեցուկ», «Սրինգ», «Եռանդ» (երեքն էլ՝ 1917), «Ապառաժ» (1917-1919), «Արցախ» (1919), «Գյուղացիական կոմունա» (1920) պարբերականները։

  • Կիսվել: