ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացնում գիշերվա հրթիռակոծության մասին

Արցախի ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացնում գիշերվա հրթիռակոծության մասին

Ադրբեջանական զինուժը հոկտեմբերի 17-ի գիշերվա ընթացքում 9 հրթիռ է արձակել Ստեփանակերտի թաղամասերի և փողոցների վրա: Ներկայացնելով հրթիռակոծության հետևանքները՝ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը` ադրբեջանական զինուժը գիշերվա ընթացքում տարբեր զինատեսակներով, կասետային ռումբերով հրթիռակոծել է Ստեփանակերտի կենտրոնական և ծայրամասային մի քանի փողոցներ, ավերվել են բնակարաններ և զգալի վնասներ հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքները:

«Հարվածել են Ստեփանակերտին, Շուշիին, Մարտակերտ, Շոշ համայնքներին և մի շարք այլ բնակավայրերի:  Շոշ համայնքում խաղաղ բնակչության շրջանում երեք վիրավոր կա, որոնցից մեկը՝ տարեց կին. նրանց անհապաղ տեղափոխել են բժշկական կենտրոն: Գիշերը անհանգիստ է եղել մայրաքաղաք Ստեփանակերտում, օդային տագնապը չի դադարել երկար ժամանակ»,- ասաց Թադևոսյանը:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի խոսքով` գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու նաև ծայրամասային թաղամասեր, փողոցներ` զգալի վնաս հասցնելով մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ, նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել: Հրթիռները ընկել են խանութների, տնտեսական նշանակության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա:

« Դրանք բոլորը մեծ մասամբ ավերվել են, և բավականին երկար ժամանակ և մեծ միջոցներ է պետք լինելու այդ ամենը վերականգնելու համար: Ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ տուն, որում ապրում էր վիրավորում ստացած տարեց կինը»,- նշել է Թադևոսյանը:

Թադևոսյանի հաղորդմամբ` հայտնի են նաև այն զինատեսակները, որոնցով հակառակորդը թիրախավորել է արցախյան խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը:

«Գրադ» կայանքով, «Սմերչ» հրթիռային զինատեսակներով, կասետային ռումբերով , հրթիռային և հարվածային ռումբերով են կրակ բացում Ստեփանակերտի և մեր խաղաղ բնակչության ուղղությամբ: Ստեփանակերտի ու Արցախի Հանրապետության մյուս բնակավայրերի գիշերվա հրետակոծության հետևանքով պատճառված վնասների ընդհանուր չափը դեռևս ճշտվում է»,- եզրափակեց Թադևոսյանը:

  • Կիսվել: