շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աճուրդի տունը հերքել է, որ Այվազովսկու «Լուսնային գիշեր» գլուխգործոցը գողացված է

Աճուրդի տունը հերքել է, որ Այվազովսկու «Լուսնային գիշեր» գլուխգործոցը գողացված է

Ռուսաստանի մի քանի խոշոր աճուրդի տներ միավորող աճուրդային հոլդինգը հերքել է ուկրաինական լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե Ռուսաստանը աճուրդում կվաճառի հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավը, որն իբր անհետացել է Սիմֆերոպոլի արվեստի թանգարանից 2014 թվականին։ Հոլդինգն ընդգծել է, որ «Լուսնյակ գիշեր» անունով երկու կտավ կա, ինչի պատճառով էլ շփոթմունք է առաջացել, տեղեկացնում է «Իզվեստիան»։

«Հովհաննես Այվազովսկու կտավը, որը աճուրդի է հանվելու փետրվարի 18-ին, գնվել է 2008 թվականին Շվեդիայում՝ Stockholms Auktionsverk աճուրդում։ Աշխատանքը հետազոտվել է Պետական Ռուսական թանգարանում, ինչը հաստատված է համապատասխան փաստաթղթերով»,- ասվում է հաղորդագրությունում։

Նկարներից մեկում պատկերված են Կոստանդնուպոլսի տեսարանները, և այն կցուցադրվի փետրվարին Մոսկվայի աճուրդի տանը։

Երկրորդ նկարում, որը վերնագրված է «Լուսնյակ գիշեր», Այվազովսկին պատկերել է Սև ծովը Ղրիմի ափերի մոտ՝ Թեոդոսիայի շրջանում: Այս նկարը թվագրված է 1882 թ.։  Նկարը պահվում էր Սիմֆերոպոլի արվեստի թանգարանում։ 2014 թվականին Ուկրաինան հենց այդ կտավն է հայտարարել միջազգային հետախուզման մեջ: Այժմ նկարը պաշտոնապես գրանցված է Սիմֆերոպոլի պետական թանգարանի հավաքածուներում։

Կտավները Այվազովսկին նկարել է չորս տարվա տարբերությամբ, սակայն հեղինակը նրանց տվել է նույն անունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի աճուրդի տան կողմից փետրվարի 18-ին կազմակերպվող աճուրդում գլխավոր լոտը հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 1878 թվականին ստեղծած «Լուսնյակ գիշեր» կտավն է։  Փորձագետները հեղինակի հասուն շրջանի ստեղծագործությունը գնահատում են 100 միլիոն ռուբլի:

  • Կիսվել: