կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախցիները Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպում են պահանջում՝ խնդրելու հումանիտար ապաստան

Արցախցիները Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպում են պահանջում՝ խնդրելու հումանիտար ապաստան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արցախցիները հավաք են անցկացրել՝ խնդրելով իրենց հումանիտար ապասատան տրամադրել իրենց այդ երկրում։

«Եթե 1-2 տարի առաջ այստեղ հավաքվում էինք Արցախից 2020-ին բռնի տեղահանվածներս, ապա այսօր արդեն հավաքվել ենք 2023-ի սեպտեմբերյան դեպքերից հետո մի խումբ արցախցիներ:

Դեսպանի հետ էլ հանդիպումների ժամանակ մեզ միշտ վստահեցրել են, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի։ Բայց այսօր փաստացի Արցախի հարցը ասում ենք փակված չէ, բայց այն լուծվել է ռազմական ճանապարհով, ավելի քան 135 հազար արցախցիներ հայտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում, մեծ թվով արտագաղթ  է սկսել հիմնականում դեպի Ռուսաստան»,-ասաց հադրութցի Արթուր Ստեփանյանը, որն իր հայրենիքից հեռացել է 2020-ին, երբ ադրբեջանական զինված ուժերն օկուպացրեցին հայկական այդ շրջանը։

Հավաքի մասնակցի խոսքով, իրենք պահանջում են հանդիպում դեսպանի հետ, որպեսզի կարողանան ներկայացնել իրավիճակը, խնդիրները։

«Մենք Ֆրանսիայից հումանիտար ապաստան ենք խնդրում»,-ասաց արցախցի Ստեփանյանը՝ նշելով, որ դեսպանատան առաջ կգան ամեն օր կհավաքվեն, քանի դեռ դեսպանը չի հանդիպել իրենց հետ։

Նրա խոսքով, Արցախ վերադառնալու թեման այսօր քննարկման ենթակա չէ. «Ես իրավասու չեմ, իշխանություններն էլ նման թեմա չեն քննարկում: մենք բամիզցս նման պահանջ դրել ենք, մեզ պատասխանել են ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատներում, որ նման հարցերը պետք է բարձրաձայնվի իշխանությունների մակարդակով: Օրինակ, մենք պահանջել ենք ՄԱԿ-ի խաղաղարար ուժեր: Մենք տեսել ենք ռուսների խաղապահների գործունեությունը, երբ 2020-ւի դեկտեմբերին Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը ոնց են հայաթափվել, հետո Փառուխը եւ վերջում հասել ենք նրան, որ Արցախը լրիվ հայաթափվել է:

Մենք բազմիցս ասել ենք, որ Արցախում պետք է լինեն միջազգային խաղաղապահի ուժեր, որ Արցախը մնա հայկական:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ չեն մնում Հայաստանում, Արթուր Ստեփանյանն արձագանքեց. «Այսօր արցախցիներին կարծես բաժանել են երկու մասի. Վերջին 100 հազար եկածները բռնի տեղահանվածներ են, իսկ մեր մասին, կարծես, խոսք չկա»:

  • Կիսվել: