երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արցախցի Մանյա Կիրակոսյանը վերադարձել է գյուղ, հոնից օղի թորել, տունը կարգի բերել, որ տեղափոխվեն ապրելու

Արցախցի Մանյա Կիրակոսյանը վերադարձել է գյուղ, հոնից օղի թորել, տունը կարգի բերել, որ տեղափոխվեն ապրելու

Մանյա Կիրակոսյանը Մարտակերտի շրջանի Զագլիկ գյուղից է: Պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 12-ին, տիկին Մանյան մեկ օրով վերադարձել է գյուղ, հոնի օղին թորել, տները կարգի բերել, որպեսզի ընտանիքով տեղափոխվեն գյուղ, ինքն էլ շարունակի իր աշխատանքը Արցախի N զորամասի ճաշարանում, գրում է «Հետքը»։

Պատերազմը սկսվելու պահին 60-ամյա Մանյա Կիրակոսյանը եղել է աշխատավայրում՝ զորամասի ճաշարանում: Ադրբեջանցիներն անօդաչու թռչող սարքով ցանկացել են հարվածել զորամասին, սակայն պայթյունները եղել են զորամասից քիչ հեռու: Չի շտապել լքել աշխատավայրը: Տուն է վերադարձել պայթյուններից ժամեր անց:

«Գործից եկել եմ տուն, տեսել եմ հարսս շորերը հավաքել ա, որ դուրս գանք տնից: Հրաժարվել եմ տնից դուրս գալ: Հարսս, որ շորերս հավաքել էր, տարել նորից դասավորել եմ: Տղաս եկավ, ասաց, որ ես էլ պիտի դուրս գամ: Ուզում էի գյուղում մնայի, բայց տղաս բերեց մեզ Հայաստան»,-պատմում է Մանյա Կիրակոսյանը:

Պատերազմի ավարտից հետո տիկին Մանյայի որդին եկել է Հայաստան՝ ընտանիքին տեսնելու: Մայրը ստիպել է, որ իրեն Զագլիկ տանի, տեսնի, թե ինչ վիճակում է իր տունը: Ճանապարհին նկատել է, որ զորամասի ճաշարանի դռները բաց են: Մտել է զորամաս, տեսել գործընկերներին, հավաստիացել է, որ իր աշխատանքը պահպանվել է ու խոստացել է վերադառնալ:

«Ասեցի՝ դե լավ ա, որ գործը կա: Հենց Քյալբաջարի ճանապարհը որոշեն բաց թողնել, ես ամսի 16-ից կվերադառնամ իմ աշխատանքին: Շորերս պատրաստ դրել եմ, հենց բաց մնաց, ես գնում եմ: Հայաստանում դժվար ա ապրելը, գործ չկա, որ աշխատենք, ապրենք: Մեր գյուղում գործը լիքն ա»,-ասում է Մանյա Կիրակոսյանը:

Պատմեց, որ Զագլիկը մոտ է Սարսանգի ջրամբարին, որտեղ կարողանում են ձուկ որսալ: Բացի այդ, զբաղվում են անասնապահությամբ: Գալիս են Հայաստան, առևտուր են անում և կարողանում են ապրել:

Տիկին Մանյայի խոսքով՝ գյուղին շատ վնաս չի պատճառվել: Իրենց մտահոգությունը ճանապարհն է: Արցախը Հայաստանին կապող ամենակարճ ճանապարհը Քարվաճառով (Քելբաջար) է անցնում: Հենց այդ ճանապարհով են նաև առևտուր անում, հիվանդներին բերում հիվանդանոց և այլն:

«Եթե Քյալբաջարի ճանապարհը փակ լինի, ընկնում ենք շրջափակման մեջ, արդեն անիմաստ ա դառնում այնտեղ գնալը: Բայց, եթե բաց լինի ճանապարհը, մենք գնալու ենք»,-ասում է 60-ամյա կինը և հորդորում իշխանություններին ամեն գնով պահել այդ ճանապարհը: Նրա դիտարկմամբ, հակառակ դեպքում Արցախն ունենալու է տարածքներ, որոնք բնակեցված չեն լինի հենց ճանապարհի պատճառով:

Տիկին Մանյան կարծում է, որ արցախցիները պետք է վերադառնան իրենց տուն: Սակայն, դեռ վախ ունեն սահմանների պաշտպանվածության առումով: Նա հույս ունի, որ բնակչության անվտանգությունը երաշխավորված կլինի: Ասում է, որ ադրբեջանցիների խոսքին չպետք է հավատանք, դրա համար իրական քայլեր պետք է ձեռնարկվեն:

  • Կիսվել: