Արայիկ Հարությունյանի երդմնակալության կարևորագույն մեսիջներից մեկը, որն աննկատ մնաց
Ռուսահայ համայնքում լայն ճանաչում ունեցող «Երկրամաս» պարբերականը գրում է, որ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը, բացի այն, որ տեղի ունեցավ Շուշիում՝ ի նշանավորումն սերունդների միջեւ անքակտելի կապի և թշնամու պարտության, աչքի է ընկել նաեւ մեկ այլ հետաքրքիր նրբերանգով։
Արարողությանը մասնակցել են «Իսկանդեր Կազիեւի» անվան շարժման ներկայացուցիչները։ Այս շարժման նպատակը պայքարն է ընդդեմ ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող ուծացման քաղաքականության, որը վարվում է Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների, նաեւ լեզգիների հանդեպ, ինչպես նաեւ Լեզգիստանի ինքնակազմակերպման։
Նշենք, որ պատմական անարդարության արդյունքում լեզգիների մի մասը հայտնվել է Ադրբեջանի կազմում եւ այժմ ենթարկվում է ուծացման (ասիմիլյացիայի) քաղաքականության։ Շարժման ներկայացուցիչներն ու առաջնորդներն ակտիվ համագործակցության մեջ են, ըստ պարբերականի՝ Հարավային Կովկասում փաստացի պետությունների հետ, որոնց հաջողվել է ազատագրվել օտարի լծից։
«Երկրամասը» մանրամասնում է, որ լեզգիների ներկայացուցիչներն Արցախ են այցելել «Շուշի» հիմնադրամի հրավերով եւ հանդիպումներ են ունեցել տարբեր պաշտոնյաների հետ, որի ընթացքում ստորագրվել է համագործակցության հուշագիր հայ եւ լեզգի ժողովուրդների միջեւ։
Արցախի նախագահի երդմնակալության արարողության այս դրվագը կարևոր մեսիջ է Ադրբեջանին։ Այն նաև առավել ուժեղ դիրքերից է ցույց տալիս Արցախը։