հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
«Անջատում՝ հանուն փրկության». Գրիգորյանը՝ ԼՂ հարցում իշխանությունների սկզբունքի մասին

«Անջատում՝ հանուն փրկության». Գրիգորյանը՝ ԼՂ հարցում իշխանությունների սկզբունքի մասին

Իշխանությունները Ղարաբաղյան հարցում առաջնորդվելու են ՛՛անջատում հանուն փրկության՛՛ սկզբունքով: Սկզբունքը նույնպես կարեւոր է, որպեսզի կարողանանք լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այս մասին  այսօր Ազատության եթերում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա նշեց. ՛՛Կարգավիճակը մնալու է կարեւոր հարց, եւ բանակցային գործընթացում պետք է հասնենք նրան, որ կարողանանք լուծել նաեւ այդ հարցը:

Մեր արտաքին քաղաքականությունն իսկապես պետք է ծառայի ժողովրդին: 2018 թվականին ժողովրդավարական գործընթացի միջով անցանք, սակայն հետո ինստիտուցիոնալ իմաստով չկարողացանք ապահովել, որ արտաքին քաղաքականությունը ծառայի ժողովրդին: Նկատի ունեմ տնտեսական հնարավորությունների առումով: Այժմ դա մեզ հաջողվելու է: Անվտանգության բաղադրիչը առաջնային դեր է խաղացել մեր արտաքին քաղաքականության մեջ:

Դա պետք է պահպանվի, եւ պետք է ավելացվեն տնտեսական եւ այլ բաղադրիչներ, որպեսզի արտաքին քաղաքականությունը ծառայի հանրային շահին՛՛:

Ըստ Գրիգորյանի՝ ընդհանուր առմամբ անվտանգության խնդիրը լուծվում է: Նա հույս հայտնեց, որ այդ խնդիրները լուծվելու են դիվանագիտական ​​ճանապարհով:

՛՛Նախընտրական շրջանում Հայաստանում, ինչպես նաեւ երկրից դուրս գտնվող ուժերը ցանկություն ունեին ազդելու ինչպես սահմանային, այնպես էլ անվտանգության խնդիրների վրա՝ փորձելով հնարավորինս սրել իրավիճակը:

Մենք կարողացանք կառավարել այդ գործընթացները, քանի որ հասկանում էինք, որ գուցե չկարողանանք դրանք լուծել մինչ ընտրությունները, քանզի նրանց նպատակը ընտրությունների վրա ազդելն էր: Ընտրություններից անմիջապես հետո ազդանշաններ են գալիս, որ մենք շարժվում ենք խնդիրների լուծման ուղղությամբ:

Եթե ​​այլ խնդիրներ չառաջանան, հուսով եմ, որ անվտանգության խնդիրները լուծվելու են ավելի արագ, քան ընտրություններից առաջ: Ընդդիմությունը ցանկանում էր լուրջ սպառնալիքներ ստեղծել անվտանգության համար, վախ սերմանել քաղաքացիների մեջ, որպեսզի նրանք վախի ազդեցության տակ կատարեն իրենց ընտրությունը, սակայն դա նրանց չհաջողվեց՛՛,-ասաց ԱԽ քարտուղարը:

Գրիգորյանը նշեց նաեւ, որ գործնականում հնարավոր է համագործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք խորհրդարան չեն մտել, սակայն որոշակի ձայներ են հավաքել, եւ դա կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ՝ սկսած պաշտոններից մինչեւ համատեղ քաղաքականության մշակման մեջ ներգրավվածություն:

Նա նաեւ ասաց. ՛՛Միեւնույն ժամանակ, ես կարծում եմ, որ այս ընտրություններով պետք է փակված համարել բոլոր նախկին նախագահների էջը: Նրանք չեն կարողանա քաղաքական լուրջ դեր խաղալ, եւ նրանք չեն ցանկանում հանդես գալ որպես միջնորդ՛՛:

  • Կիսվել: