հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանն ուսուցչի օրվա առթիվ ուղերձ է հղել

ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանն ուսուցչի օրվա առթիվ ուղերձ է հղել

ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանն ուսուցչի օրվա առթիվ ուղերձ է հղել։ Այս մասին հաղորդել են ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

 
«Սիրելի' ուսուցիչներ
 
Օրվա խորհուրդն ամենապատեհ առիթն է ակնածանքի ու երախտագիտության խոսքեր հղելու Ձեզ, խոնարհվելու Ձեր անխոնջ վաստակի առջև:
 
Թերևս, դա այն փոքրագույնն է, որ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը Ուսուցչի տոնի առիթով:
 
Դպրոցը պետության ու ժողովրդի ապագան կերտող կարևորագույն օղակն է։
 
Համոզված եմ՝ ունենք տեսանելի արդյունքներ, բայց և դեռ լուրջ անելիքներ կան հասարակության մեջ ուսուցչի դիրքը, դերն ու հեղինակությունը բարձրացնելու, ուսուցչի աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու ուղղությամբ:
 
Դուք մշտապես հուսալի թիկունք եք եղել հայոց պետականության հիմքերի ամրացման ու ամրապնդման գործում։ Անգամ պետականության կորստի պայմաններում հայ ուսուցիչը շարունակում էր սերունդներ կրթել՝ հավատալով նրա վերընձյուղմանը։
 
Սիրելի՛ ուսուցիչներ
 
Ձեզ է վիճակվել կրթել այն ժողովրդի զավակներին, որ կրում են դարերի ոգին, գալիքի կամքն ու երազանքը. երբեք չդադարեք հայ մանուկի առաջ բացել երազելու կախարդական դռները: Այդ երազանքն է նրան այսօր իր հայրենի հողի վրա ամուր ու հաստատակամ կանգնելու, խոր արմատներ ձգելու հավատ ներշնչել։
 
Մենք Ձեզ պետք է դիտենք ոչ միայն մասնագետի, այլև Աստծո կողմից ուղարկված առաքյալի:
 
Մեր ժողովրդի համար այս անորոշ և ճակատագրական ժամանակահատվածում Ձեզ է վստահված ապագա սերունդների կրթությունն ու դաստիարակությունը։
 
Արցախյան 3 պատերազմներում սահմանին քաջաբար ու աներկյուղ կռվում էր Ձեր դաստիարակած սերունդը, հայրենասեր, հայրենապաշտ, հերոս սերունդը՝ համոզված, որ թիկունքն ամուր է կրթությամբ ու մշակույթով։
 
Ձեր բարդ ու պատասխանատու, բայց միաժամանակ պատվաբեր ու շնորհակալ առաքելության իրականացման ճանապարհին մաղթում եմ խաղաղություն,առողջություն, բարեկեցություն և անսպառ եռանդ»։

  • Կիսվել: