շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ ԱԻՊԾ տնօրենը ՌԴ ԱԻՆ պաշտոնյաների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ԱՀ ԱԻՊԾ տնօրենը ՌԴ ԱԻՆ պաշտոնյաների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ԱՀ ԱԻՊԾ- ից հայտնում են, որ ԱԻ պետական ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ պաշտոնյաների, Արցախի քաղաքաշինության նախարարի ու ՄԻՊ ներկայացուցչի մասնակցությամբ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են խաղաղ բնակավայրերում առաջիկայում ծավալվող շինարարության և ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված հարցեր:
 
Կարեն Սարգսյանը կարևորել է հրթիռակոծության հետևանքով ավերված բնակավայրերի արագ վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքները և այս հարցում ՌԴ մտահոգությունն ու հետևողականությունը, ինչպես նաև նյութական օժանդակությունը:
 
Հանդիպմանը քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը զեկուցել է մինչ այսօր իր ղեկավարած գերատեսչության կատարած՝ վնասների չափագրման աշխատանքները: Իսկ ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկու առաջարկով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի անդամներն ըստ խմբերի կշրջեն բոլոր բնակավայրերով ու տեղում կգույքագրեն բոլոր վնասները:
 
Նախապատվությունը տրված է կենսական կարևոր նշանակության համակարգերի՝ էլետրամատակարարման, գազի և ջրի մատակարարման, ինտերնետի և հեռախոսակապի կոմունիկացիների վերականգնմանը, ինչպես բազմաբնակարան շենքերի և բնակելի տների վերանորոգմանը: Դրանց զուգահեռ կկատարվի նաև դպրոցական և նախադպրոցական հաստատությունների, առողջապահական հիմնարկների և ճանապարհների վերակառուցում: Կարեն Սարգսյանի խոսքով՝ այդ աշխատանքները պետք է մեկնարկեն անհապաղ, որպեսզի մեր բնակչության համար ստեղծենք առավելագույն հարմարավետություն:

  • Կիսվել: