կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով փորձում է Արցախում վերացնել հայկական հետքը՝«քերելով այն պատերից»․ դատապարտող հայտարարությունները դեռ անարդյունք են

Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով փորձում է Արցախում վերացնել հայկական հետքը՝«քերելով այն պատերից»․ դատապարտող հայտարարությունները դեռ անարդյունք են

Շուրջ 2000 հուշարձան, այդ թվում «Տիգրանակերտ», «Տողի մելիքական ապարանքներ», «Տյաք» պատմամշակութային և «Հունոտի կիրճ», «Ազոխի քարանձավ» բնապատմական արգելոցներ․ ահա այսքան պատմամշակութային հուշարձաններ են հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ։ Այս մասին տեղեկանում ենք «Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ից։

Օրեր առաջ էլ պարզ դարձավ, որ Ադրբեջանում ստեղծվել է «Աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է, աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «Արցախում «աղվանական կրոնական/քրիստոնեական» կառույցների վրա «հայերի կողմից գրված, ավելացրած կեղծ գրությունները,  արձանագրություններն ու հետքերը»։

Պատմության խմբագրման և ձևախեղման ադրբեջանական արդեն հայտնի ձեռագիրը դատապարտող արձագանքներ եղան նախ հայաստանյան հանրությունից։ Մասնավորապես, սոցիալական ցանցերում բազմաթիվ օգտատերեր անդրադարձան այս խնդրին, արվեցին տարատեսակ մտահոգ գրառումներ։ 

Ապա հաջորդեց  ՀՀ ԱԳՆ-ի  հայտարարությունը։

Նախարարության տարածած  հաղորդագրության մեջ մասնավորապես  ասվում էր․  «Խստորեն դատապարտում ենք փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը․․․ Հարևան ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը միտումնավոր ու ապօրինի յուրացնելու և նրան պատմական հիշողությունից զրկելու նպատակով պետական մակարդակով նման կառույցի ստեղծումը աննախադեպ է անգամ հակամարտությունների պատմության համար»:

Դատապարտող հայտարարություն տարածեցին նաև ՀԿ սեկտորի շուրջ 25 ներկայացուցիչներ․ «Ակնհայտ է, որ այս գործողությունն ուղղված է Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության վերացմանը, որի արդյունքում նաև հարցականի տակ է դրվելու արցախահայության սեփական հողի վրա ապրելու պահանջների, նրանց իրավունքների պաշտպանության հիմքը»։

Միջազգային գործիչների արձագանքը ևս չուշացավ։ Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան, Սևծովյան տնտեսական համագործակցությունում նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը հայտարարությամբ հանդես եկավ․ «Բաքվի կողմից վերջին պատերազմի արդյունքում Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է մշակութային ֆաշիզմ»:

«Ադրբեջանը շարունակում է հայկական ժառանգության մշակութային ցեղասպանությունն Արցախում»,- ադրբեջանական ավերիչ գործողություններին իր  Twitter-ում անդրադարձել էր  Le Figaro-ի գլխավոր խմբագրի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուսոնը:

«Պատերազմի ժամանակ և անմիջապես հետո բավական շատ էին և հրետակոծությունը, ավերումը և ծաղրուծանակը» ,- Zarkerak.am-ի հետ  հետ զրույցում, անդրադառնալով Արցախում հայկականության հետքը ջնջելու  ադրբեջանական  քաղաքականությանն, ասում է հնագետ,  մշակութաբան,Արցախի Տիգրանակերտի արշավախումբը երկար տարիներ ղեկավարած  Համլետ Պետրոսյանը։

Համլետ Պետրոսյանը

Պետրոսյանն ասում է․ «Ադրբեջանը հիմա կարծես  փոխել է քաղաքականությունը։ Առաջնային է դարձել ցույց տալ, որ այդ հուշարձանները ադրբեջանական ժողովրդինն են,  կամ, որ աղվանական  են ու հայերի հետ կապ չունեն»։

Մշակութաբանի համոզմամբ, Ադրբեջանի կողմից ստեղծվող հանձնաժողովի նպատակն էլ այս գործելաոճը վավերացնել  և «աղվանականացման» գործընթացը հաստատելը։  

Մեր այն հարցին, թե միջազգային կառույցները տեսնու՞մ են մշակութային այս ցեղասպանությունը հնագետն արձագանքում է․ «Ադրբեջանը միջազգային կառույցների հետ համաձայնության է եկել։ Մտածել,որ  կա ինչ-որ դատաստան, դատարան, արդարություն, այդ ամենը, կարծում եմ, այնքան էլ տեղին չէ»։

 

Միևնույն ժամանակ Պետրոսյանը հույս է հայտնում, որ միջազգային հարթակում աշխատող անհատ փորձագետները չեն տրվի ադրբեջանական սադրանքին․ «Ես լավ եմ ճանաչում Արցախի մշակույթով զբաղվողներին և չեմ կարծում, թե նրանց մեջ կգտնվեն այնպիսի լուրջ մարդիկ, որ կհավատան Ադրբեջանին։ Պատմական հուշարձանների պատկանելիության խնդիրը  հազիվ թե որևէ լուրջ հետազոտողի մոտ կասկած հարուցի»։

Մեր այն հարցին, թե միևնույն  է Ադրբեջանն անում է հնարավոր ամեն ինչ  հայկական մշակութային հուշարձանների ծագումը խմբագրելու համար, ինչպես պետք է հակադարձնել, Պետրոսյանն ասում է․  «Ես  ինքս անում եմ այն,  ինչ կարող եմ։ Մենք ներկայացնում ենք  եռալեզու ընդարձակ գիտական հարթակ՝ https://monumentwatch.org/ Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ»։

Գիտական հարթակի նպատակն է ներկայացնել Արցախի պատմամշակութային ժառանգությունը, հետևել պատմամշակութային կառույցների կարգավիճակին բռնազավթված տարածքներում։ Հարթակում շուրջ 9 տասնյակ հնավայր և հուշարձան է ներկայացված՝ լուսանկարներով, պատմական և  ճարտարապետական ակնարկներով:

Ի թիվս կայքում առկա տարբեր պատմամշակութային կոթողների արտաքին տեսքի փոփոխության,ներկայացված է նաև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։ Պետրոսյանի խոսքով, սա պատմության խեղաթյուրման ամենացայտուն օրինակներից է․ «Այսօր ինչ-որ ցանկապատների մեջ են առել և վերականգնում են դրանք անհասկանալի է  որպես ուղղափառ եկեղեցի՞,թե՞  որպես ուդիական»։

Մեկ այլ դեպքում էլ  ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամին կից հովվատունը վերածել են «Գաղտնիք» անունով սրճարանի։ Հայ գիտնականները ադրբեջանական հերթական մշակութային վանդալիզմին այսպես արձագանքեցին․ «Շուշիի Կանաչ ժամի հովվատունը վերածելով սրճարանի Ադրբեջանը խախտում է մշակութային ժառանգության պատմականությունը, ամբողջականությունը, զրկում ժառանգությանն իր իսկությանը համարժեք գործառույթով սերունդներին անխաթար փոխանցվելու հնարավորությունից, որը դեմ է ժառանգության պահպանության միջազգայնորեն ընդունված  մի շարք սկզբունքներին, որոնք բխում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության» կոնվենցիայից»։ 

«Մենք տեղեկություն չունենք Գրչավանքի մասին, Կատարո վանքի մասին, Մելիքական ապարանքի մասին, Սպիտակ Խաչ վանքի  մասին»,- մտահոգվում է այս հուշարձանների ճակատագրով Պետրոսյանը։

Կատարո վանքը 

Ադրբեջանական կեղծիքի հաջորդ ակորդը ուդիների այցելությունն էր հայկական եկեղեցիներ․  «Այցելում են ու տարակուսում, թե հայերը ո՞նց են եկել այստեղ ու հայրերեն արձանագրություններ գրել»,- ասում է Պետրոսյանը։

Ուդիական համայնքի ներկայացուցիչները հայկական եկեղեցում

Մասնագետի խոսքով, բռնազավթված տարածքներում գտնվող պատմամշակութային արժեքների հայկական լինելն այնքան ակնհայտ է, որ դրանք առնվազն պետք է քանդել, որ տեղում, այսպես ասած,  աղվանական եկեղեցիներ  կառուցեն․ «Ո՞նց են հազարավար արձանագրություններ ջնջելու։ Եկեղեցին հո չեն քանդելու նոր եկեղեցի կառուցեն»,- մտահոգվում է հնագետը։

Պետրոսյանի խոսքով, այն, որ բռնազավթված տարածքներում հուշարձանները հայկական ծագում ունեն՝ ամենամեծ ապացույցը Արցախի Հանրապետության տարածքում գտնող պատմամշակութային արժեքներն են․ «Հո՞ Ամարասն իրենց ձեռքին չի, Գանձասարն իրենց ձեռքին չի, Հակոբավանքն իրենց ձեռքին չի»։  

Գանձասարի վանական համալիրը

Պատմաբանն ասում է․ «Աշխարհաքաղաքական խաղ է ընթանում, որից հայերը դուրս են գտնվում, ներառյալ մեր հնամյա մշակույթը»։

Իսկ հնարավո՞ր է, որ մենք չօգտագործեցինք ժամանակին տրված հնարավորությունը և աշխարհին պատշաճ կերպով չներկայացրինք մեր պատմամշակութային ժառանգությունը, հարցնում ենք «Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ  փոխտնօրեն, հուշարձանագետ Սլավա Սարգսյանին։

Սլավա Սարգսյանը

«Անհատներն այդ գործով զբաղվել են, չարչարվել են , տասնյակ տարիներով գրքեր են գրել։ Միշտ էլ ճիշտ ենք ներկայացրել, աշխատություններ են  հրապարակվել։ Ես 5 լեզվով մեր վանքերի, բերդերի մասին եմ հրատարակել»,- ասում է Սլավա Սարգսյանը։

Սարգսյանը կարծում է, որ մենք գերագնահատում ենք միջազգային հանրության դերը՝ սպասելով Ադրբեջանին զսպող ինչ-որ քայլի կամ արձագանքի․ «Աշխարհն ո՞վ է, որ Նախիջևանում խաչքարերը քանդեցին, որևէ մեկը ձայն հանե՞ց։ Աշխարհը չի՞ իմանում,որ սա քրիստոնեական տարածք է։ Բոլորն էլ գիտեն»։

Ջուղայի խաչքարերի ավերումը

Սարգսյանը, ով գիտական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է հենց հուշարձանագիտության ոլորտում,ասում է՝ լուծումը պետք է տալ պետական մակարդակով․ «Լուծումը պետական մասշտաբով պետք է արվի, բայց դեռ լռում են։ Մասնավոր անձինք են հանդես գալիս։ Բայց  ես կարո՞ղ եմ Ալիևին  դիմել, պետք է ղեկավարությունը դիմի»։

Հարցնում ենք, թե Դուք ստեղծված իրավիճակին գոնե ֆիզիկապես առավել մոտ եք, ինչ մանրամասներ կարող եք հայտնել․ «Հեռակա կարգով ենք իմանում , այնպես չէ որ մեր աչքով կարողանում ենք տեսնել, բայց ընդհանուր վիճակն այն է, որ նրանք աշխատում  են վերացնել հայկական հետքը։ Իրավիճակն անմխիթար է։ Քանդում են»,-մտահոգվում է Սարգսյանը։

Ադրբեջանական վանդալիզմը, մասնագետի խոսքով,  կարելի է բաժանել 2 մասի՝ Սարգսյանը բացատրում է․ «Այն հուշարձանները, որոնք կառուցվել են Արցախյան շարժումից հետո, ժամանակից հուշարձանները՝ խաչքարեր,  կոթողներ, զոհված ազատամարտիկների հուշախաչքարեր, միանգամից վերացնում են։ Առավել հին հուշարձաններից քերում են հայերեն արձանագրությունները, որ հայկական հետքը վերացնեն»։

Իսկ եթե առավել ամբողջական ներկայացնելու լինենք ադրբեջանի վերաբերմունքը հայկական մշակույթի հանդեպ, ապա փորձ է արվում մշակութային ժառանգությունը  ըստ ծագման ներկայացնել երեք հիմնական ուղություններով՝ աղվանական, ուդիական և ուղղափառ։   

«Որտեղ խաչ են տեսնում, քանդում են, բորբոքվում են, միանգամից սկսում են ջարդել»,- ադրբեջանական վարքագիծն է ներկայացնում Սարգսյանը։

Ավերված եկեղեցի Ջրականում/Ջաբրայիլ/

Բռնազավթված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման նպատակով  Մայր Աթոռում 2020-ից գործում է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ։

Թե ինչ դիրքորոշում ունի գրասենյակը ստեղծված իրավիճակի շուրջ,ինչ քայլեր է ձեռնարկել վերջին ամիսներին, փորձեցինք ճշտել գրասենյակի պատասխանատու Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանից։

Գրասենյակի պատասխանատուի զբաղվածության պատճառով մեզ ուղղորդեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ։ Տեղեկատվական համակարգի  տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը մեզ հետ զրույցում ասաց․«Տարածվել է Մայր Աթոռի հայտարարությունը, որտեղ  դատապարտվում է Ադրբեջանի նման կեցվածքը և վարքագիծը։ Գրասենյակը և հավաքագրում է ամբողջ ինֆորմացիան օկուպացված տարածքներում մնացած սրբավայերի, մշակութային  կոթողների և նաև համապատսխան զեկույցներով հանդես է գալիս, փաստերով արձանագրում է  դրանց հայկական պատկանելիությունը»։

Տեր Եսայի քահանա Արթենյանին հարցրինք, թե գրասենյակն իր գործունեությամբ կարողացել է հրավիրել  միջազգային կառույցերի ուշադրությունը․  «Միանշանակ ,միջազգային հանրության ուշադրությանն է ներկայացվում ,տարբեր կրոնական, հասարակական միջազգային կառույցներից մարդիկ են նեգրավված այդ ֆորումներին, հանդիպումներին նաև մեր քույր եկեղեցիներից»։ 

«Թեկուզ մեկ վանքը, մեկ եկեղեցին կամ մեկ խաչքարը, երբ տեսնում ենք այդպիսի վանդալիզմի է ենթարկվում, բնականաբար մեծ կորուստ է մեզ համար»,- իրավիճակին է արձագանքում տեղեկատվական համակարգի տնօրենը։ 

Մեր այն հարցին, թե  եկեղեցին պատմության խմբագրման ադրբեջանական քայլերը զսպելու ինչ մեխանիզմներ է առաջարկում, Արթենյանը պատասխանեց․ «Լուծումների առումով հստակ ինչ-որ մատնանշում դժվար կարողանանք անել։ Այս պահին արվում է առավելագույնը, հույս ունենք, որ միջազգային հանրությունն էլ կարձագանքի, ինչը նաև զսպող հանգամանք կլինի Ադրբեջանի համար»։

Ի դեպ, Արցախի Կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից մեզ հայտնեցին, որ պատերազմի ավարտից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն Արցախ չի այցելել։ Իսկ վերջին օրերին այս մարմին ուղղված հայտարարությունները՝  ադրբեջանական մշակութային  ֆաշիզմը կանխելու վերաբերյալ, դեռ արձագանք չի ստացել։ 

Հիշեցնենք,որ 2021 դեկտեմբերի 2-ին Ադրբեջանն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ։

  • Կիսվել: