հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
29 տարի առաջ՝ այս օրը, ճնշվեցին թշնամու՝ Մարտունին թիրախավորող կրակակետերը

29 տարի առաջ՝ այս օրը, ճնշվեցին թշնամու՝ Մարտունին թիրախավորող կրակակետերը

1992թ. հոկտեմբերի 2-ին Մարտունու պաշտպանական շրջանի ստորաբաժանումները, հակահարձակման անցնելով, ճնշեցին Մարտունի քաղաքի մոտակա թշնամական կրակակետերը և ազատագրեցին ռազմավարական նշանակություն ունեցող մերձակա բարձունքը և խորհրդային իշխանության օրոք ադրբեջանցիներով բնակեցված մի շարք գյուղեր:

Գնահատելով այդ մարտական գործողության նշանակությունը՝ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ռազմական պատմաբան Մհեր Հարությունյանը մասնավորապես նշեց.

«Այդ օպերացիայի անցկացումը թելադրված էր Մարտունի շրջկենտրոնի անվտանգությունն ապահովելու և ինքնապաշտպանության ուժերի բնագծերն այս կարևոր ուղղությունում ամրապնդելու անհրաժեշտությամբ:

Դրսևորվեց նաև հայ հրամանատարների, այդ թվում՝ Մոնթե Մելքոնյանի և Համայակ Հարոյանի, ռազմական մտքի տաղանդը:

Հայ ազատամարտիկների անձնվեր ու խիզախ գործողություններն առաջադրված մարտական խնդիրների ըմբռնման ու ցանկացած գնով լուծելու պատրաստակամության վկայությունն էին»:

Մեր զրուցակցի խոսքով՝ Մարտունու պաշտպանները, շարունակելով մարտական լավագույն ավանդույթները, 2020թ. աշնանային պատերազմում անվեհեր կերպով դիմակայեցին թշնամու մեծաքանակ ուժերի չդադարող հարձակումները և անառիկ պահեցին Մարտունի քաղաքը:

  • Կիսվել: