երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
2022-ին 15 մլրդ դրամի ծրագիր է իրականացվել Արցախում. «Հայաստան» հիմնադրամի նախագահ

2022-ին 15 մլրդ դրամի ծրագիր է իրականացվել Արցախում. «Հայաստան» հիմնադրամի նախագահ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2022 թվականին ընդհանուր առմամբ իրականացրել է 17 մլրդ 600 մլն դրամի ավելի քան 40 լայնածավալ ծրագիր։ Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 33-րդ նիստի ժամանակ ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը` ներկայացնելով հիմնադրամի տարեկան ֆինանսական հաշվետվությունը։

«Այդ ծրագրի մի մասը երկարաժամկետ շարունակական ծրագրեր էին, ու դրանց մեծ մասն ավարտվել է, մյուսներն էլ այս տարի ավարտին կհասցվեն։ Հիմնադրամի բարեգործական ծրագրերն ուղղված են բնակարանաշինությանը (11.2 մլրդ դրամ), առողջապահությանը (286 մլն դրամ), կրթությանը (525 մլն դրամ), ճանապարհաշինությանը (4.3 մլրդ դրամ), վերականգնվող էներգիային (112 մլն դրամ), ջրամատակարարմանը (574 մլն դրամ), սոցիալական աջակցությանը (203.5 մլն դրամ), մշակութային ծրագրերին (123 մլն դրամ) և այլն։

Ընդ որում, միայն Արցախում իրականացվել է դրանից շուրջ 15 միլիարդ դրամի ծրագիր. բնակարանաշինություն՝ 10,3 միլիարդ դրամ, ճանապարհաշինություն՝ 4,3 միլիարդ դրամ, ջրամատակարարման ծրագրեր՝ 360 միլիոն դրամ»,-ասաց Հայկակ Արշամյանը։

Նա նշեց, որ հիմնադրամն իր գործունեության թիրախում է  պահում Հայաստանի համայքներում առկա ամենակարևոր սոցիալական մարտահրավերները, որոնք խոչընդոտում են մարդկանց իրենց հայրենի բնակավայրերում արժանապատիվ ապրելուն։

«Կարծում եմ՝ սահմանային համայքների զարգացումը պետք է մնա հիմնադրամի ու համայն հայության ուշադրության կենտրոնում և այս տարվա դրամահավաքները ևս պետք է լինեն 2022 թվականի հեռուստամարաթոնի տրամաբանության մեջ։ Դրանով հիմնադրամը կապահովի թե ծրագրային ճկունությունը, թե իր ուշադրության կենտրոնում կպահի Հայաստանի սահմանային համայնքները»,- ասաց Հ.Արշամյանը։

Նշենք, որ նիստի ընթացքում քննարկվում են հիմնադրամի 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունն ու 2023 թվականին տարեկան բյուջեն:

Նիստին մասնակցում են Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը և այլք:

Նիստում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնելով իրականացված ծրագրերն ու նախագծերի ընթացքը:

  • Կիսվել: