հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
2019-ի ՀՆԱ-ն կկազմի 340.9 մլրդ դրամ, իսկ տնտեսական աճը շուրջ 9.1 %. Արցախի ֆինանսների նախարար

2019-ի ՀՆԱ-ն կկազմի 340.9 մլրդ դրամ, իսկ տնտեսական աճը շուրջ 9.1 %. Արցախի ֆինանսների նախարար

2019 թվականի մակրոտնտեսական ցուցանիշների զարգացումները, մասնավորապես` ինը ամսվա արդյունքներով արձանագրված 10.4 % տնտեսական աճը, թույլ են տալիս 2019 թվականի համար ակնկալել ավելի բարձր տնտեսական աճի տեմպ, քան մենք պլանավորել ենք 2019 թվականի պետական բյուջեի նախագծում:

«Արցախպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ՝  այս մասին այսօր կայացած ԱՀ կառավարության նիստի ժամանակ ասել է ԱՀ  ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:  
 
Նրա  խոսքով՝  ըստ կանխատեսումների՝ 2019 թվականի համախառն ներքին արդյունքը կկազմի 340.9 մլրդ դրամ, իսկ տնտեսական աճը շուրջ 9.1 %`  0.7 %   դեֆլյատորի պայմաններում:
 
«Նման աճի տեմպի կանխատեսման համար հիմք է հանդիսացել նյութական արտադրության ճյուղերում ստեղծված ավելացված արժեքը, որի  մասով կանխատեսվում են հետևյալ ցուցանիշները. արդյունաբերական արտադրանքի ծավալը 2019 թվականին կկազմի ավելի քան 152 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ իրական արտահայտությամբ աճելով մոտ 30    % -ով:   Շինարարության ծավալը կկազմի 62   մլրդ  դրամ` ապահովելով  աճ 18.2  տոկոսային կետի չափով:  Գյուղատնտեսության արտադրանքի ծավալը նախատեսվում է շուրջ  77  մլրդ դրամի չափով, որը նախորդ տարվա համեմատ  աճելու է ավելի  քան   3 %-ով»,-ավելացրել  է  Ա. Հարությունյանը:
 
Նա  տեղեկացրել է, որ   2020 թվականի համար կանխատեսումային համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի 375.6 մլրդ դրամ` ապահովելով մոտ 8 %  իրական աճ՝ կանխատեսվող 2  %  դեֆլյատորի պայմաններում, որը համապատասխանում է կառավարության կողմից միջնաժամկետ հատվածում նախանշված տնտեսական աճի թիրախային մակարդակին: Գնաճի ցուցանիշը կանխատեսվել է  3 տոկոսի սահմաններում:
 
«Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում 2020 թվականի պետական բյուջեի ցուցանիշները ծրագրվել են հետևյալ չափերով. եկամուտների գծով` 120 մլրդ 906.5 մլն դրամ,  ծախսերի գծով` 120 մլրդ 775.6 մլն դրամ, դրա արդյունքում պրոֆիցիտը կկազմի` 130.9 մլն դրամ, որը կուղղվի նախկինում ներգրավված  փոխառու  միջոցների  մարմանը: Պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 55,1 մլրդ  դրամի չափով, որը 2019 թվականի համար պլանավորված եկամուտների նկատմամբ  նվազել է 2.6 մլրդ   դրամով կամ  4.5 %-ով: Այդ թվում հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն  54,6  մլրդ  կամ ընթացիկ տարվա համար պլանավորված եկամուտներից  պակաս  4.5 %-ով, արդյունքում կանխատեսումային «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կկազմի 14.5 %: Սեփական եկամուտների նվազումը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտից ակնկալվող հարկային եկամուտների նվազմամբ, որի հիմնական պատճառներն են հանդիսանում պղնձի միջազգային գների և հանքաքարում պղնձի պարունակությունների նվազման միտումները:  Միջպետական վարկի չափը 2020 թվականին կկազմի 65 մլրդ 806.5 մլն դրամ կամ ընթացիկ տարվա  համեմատ  ավել  7 մլրդ  959.5 մլն դրամով (13.8 տոկոսով): 2020  թվականի  պետական բյուջեի  ծախսերը նախատեսվում են 120 մլրդ 775.6 մլն դրամի չափով`որն ավել է ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից 5.6 տոկոսով (2019թ. 114,410.5 մլն դրամի դիմաց): ՀՆԱ-ում ծախսերի մակարդակը կկազմի 32.2 %, ընթացիկ տարվա 33.6  %   դիմաց»,-մանրամասնել է  Ա. Հարությունյանը:
 
 
Ըստ  նախարարի՝   ԱՀ   2020  թվականի  պետական  բյուջեի  նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերի ծավալների, կազմի ու կառուցվածքի ձևավորման ընթացքում առաջնորդվել են բյուջետային նորմատիվների և ծախսային ուղենիշերի, ինչպես նաև ֆինանսական կարգապահության կանոնների խիստ պահպանման սկզբունքով, որն իր հերթին կանխատեսվել է տնտեսության զարգացման տեմպերի ապահովմանն ուղղված Կառավարության քաղաքականությանը համապատասխան:

  • Կիսվել: