«Ֆոկուս» չեմ կարող անել եւ երկու տարում չեմ կարող մեծ արդյունքի հասնել․ Օզբիլիս
Ես պատրաստ եմ աշխատել, բայց «ֆոկուս» չեմ կարող անել եւ երկու տարում չեմ կարող մեծ արդյունքի հասնել:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսը:
Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ նախագահի ընտրությունը, որի համար պայքարելու է երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ Արաս Օզբիլիսը:
Լրագրողների հետ հանդիպմանը Արաս Օզբիլիսը ներկայացրեց իր ծրագիրը, հայկական ֆուտբոլի զարգացման իր մոդելը:
«Ես այսօր ներկայացնում եմ իմ տեսլականը: Ինձ համար շատ կարեւոր է, որ բոլորին հասանելի ու հասկանալի լինի իմ տեսակետը: Իմ ծրագիրն ամբողջական արդեն ներկայացված է իմ պաշտոնական կայքում, բայց այսօր կներկայացնեմ մի քանի կարեւոր կետ:
Առաջնային խնդիրներից են ֆեդերացիայի պարտականությունները: Ֆեդերացիան պետք է ապահովի մեր ֆուտբոլը, ստեղծի պայմաններ բոլորի համար, ապահովի հարգանք դաշտի մեջ եւ դաշտից դուրս, անվտանգություն եւ կրի բոլոր հավաքական թիմերի պատասխանատվությունը:
Մասսայական եւ մանկապատանեկան ֆուտբոլն եմ կարեւորում: Երբ տուն ես կառուցում, սկսում ես հիմքից: Ես ծնող եմ եւ ունեմ 6 տարեկան երեխա: Ո՞ւր տանեմ իմ երեխային: Միայն կարող եմ տանել «Փյունիկ», «Ուրարտու» եւ Ավանի ակադեմիա: Սա շատ քիչ է մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի համար: Ավանի ակադեմիայիում 1500 երեխա կա: Սա կարող ենք բաժանել երեք խմբի, տալ ոչ թե մեկ տնօրենի, այլ երեք տնօրենի: 1500 երեխայի մեկն է ղեկավարում:
Մեկ այլ խնդիր է խաղերի պակասը: Մանկապատանեկան ֆուտբոլում շատ քիչ են մրցաշարերը: Խաղը, մրցումները, մարզումների քննությունն են: Ինչ էլ անես, քննություն պետք է ունենաս: Չի կարող լինել քիչ մրցումներ: Լսել եմ, որ ասում են, որ պետք է ունենանք շատ միջազգային մրցումներ, բայց պետք է սկսենք ներքին մրցաշարերից:
Շատ կարեւոր է համագործակցել դպրոցների հետ: Բոլորը գիտեն, որ ես «Այաքսի» ակադեմիայում եմ եղել: Այնտեղ, եթե լավ չսովորեիր, չէի կարող ֆուտբոլ խաղալ: Ակումբները պետք է ունենան իրենց ներկայացուցիչները, որոնք աշխատում են դպրոցների հետ: Մարզիչ-ֆուտբոլ-դպրոց կապը շատ ամուր պիտի լինի: Մեր նպատակը միայն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ ունենալը չէ:
Այս պահին մարզերից շատ քիչ մարզիչներ ունենք: Գումարային առումով պետք է հասանելի լինի: Մեր մարզիչները պետք է համագործակցեն այն երկրների հետ, որոնք համապատասխանում են մեր պայմաններին: Հնարավորությունը պետք է համապատասխանի Հայաստանին: Պետք է ունենանք ենթակառուցվածքներ, ստանդարտ մարզադաշտեր:
Ենթակառուցվածքները նաեւ պետք է ունենան վերականգնողական կենտրոններ: Դրանց մեջ պիտի ունենանք ապագա ֆուտբոլիստներ: Հավաքական եկող 13-14 տարեկաններ ֆուտբոլիստների առողջության պատմությունները պետք է ունենանք այդ վերականգնողական կենտրոններում:
Պրոֆեսիոնալ լիգան եմ կարեւորում: Եթե ունենանք լիգա, ֆեդերացիայի գործը թեթեւանում է: Գուցե սկզբում դժվար լինի, բայց հետագայում ավելի հեշտ կլինի: Գիտենք, որ ֆուտբոլը կոմերցիոն մարզաձեւ է, բայց ֆեդերացիան շատ կոմերցիոն պիտի չլինի: Շատ եմ լսել, որ ասում են մեզ պետք է պրոֆեսիոնալ լիգա, բայց չեն ասում թե ինչու, չեն բացատրում:
Ասում են, որ մրցավարությունը խնդիր է մեզ համար: Քանի որ մեր ստադիոնները դատարկ են, յուրաքանչյուր մրցավարական դրվագ, լսվում է եւ ազդում է մրցավարի վրա: Ամեն ինչ լսվում է, ուզի չուզի: Մրցավարներին պետք է անպայման պարտադրենք բացատրել թե այդ մրցաշրջանում ինչի վրա են ուշադրություն դարձնում: Այն ակումբներում, երկրներում որտեղ ես խաղացել եմ, այդ մոդելն է եղել:
Նաեւ կարեւորում եմ կանանց ֆուտբոլը: Հայաստանում կանանց ֆուտբոլի նկատմամբ կարծրատիպ կա: Ամբողջ աշխարհում կանանց ֆուտբոլը շատ արագ զարգանում է, բայց մենք շատ հենք այդ ընթացքում:
Սա իմ ընդհանուր տեսլականն է: Ասում եմ՝ տեսլական, քանի դեռ ֆեդերացիայի նախագահը չեմ:
Համաձայն եմ, որ մարզիչների աշխատավարձն այնպես պիտի լինի, որ միայն դրանով կարողանան զբաղվել: Ֆուտբոլով պիտի զբաղվեն նրանք, որոնք սիրում են ֆուտբոլը:
Ֆեդերացիայի աշխատանքը պետք է հավասար լինի: Չի կարող լինել այնպես, որ ֆեդերացիան մի ակումբի հետ լավ աշխատի, շատ աշխատի, մյուսի հետ քիչ: Ֆեդերացիայի աշխատանքը պետք է լինի բաց եւ թափանցիկ: Իսկ ես գտնում եմ, որ ֆեդերացիայի ներկայիս աշխատանքը թափանցիկ չէ: Եթե ֆեդերացիայի աշխատանքը թափանցիկ լինի, շատ հարցեր հեշտ կլուծվեբ»,- ասաց Արաս Օզբիլիսը: