ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երկկուսակցական այս նախաձեռնությունը հստակ ուղերձ է աշխարհին․ Ղուլյանը Ներկայացուցիչների պալատի որոշման մասին

Երկկուսակցական այս նախաձեռնությունը հստակ ուղերձ է աշխարհին․ Ղուլյանը Ներկայացուցիչների պալատի որոշման մասին

Ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցների մի քանի սերունդների համար երկար սպասված իրադարձություն էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձեւը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ ողջունելով բանաձեւի ընդունումը:

Նա նաեւ ընդգծել է. «Բանաձեւ, որի հաջողության համար տարիներով հետեւողական ջանքեր են ներդրվել ամերիկահայ համայնքի կողմից եւ ոչ միայն երեկ։ Աշխարհաքաղաքական շահերի դեմ չընկրկելու եւ նահանգ առ նահանգ առաջ գնալու մարտավարությունը չէր կարող չհաջողել։

Երախտագիտություն եմ հայտնում բանաձեւի հեղինակ, հայ ժողովրդի լավագույն բարեկամ կոնգրեսական Ադամ Շիֆին, համահեղինակներին, արդարությանը կողմ քվեարկած բոլոր 405 կոնգրեսականներին՝ կեղծիքի եւ ժխտման դուռը փակելու եւ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու  համար։

Շնորհակալություն եմ հայտնում նաեւ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի եւ Ամերիկայի հայկական համագումարի պատասխանատուներին, հայ համայնքին՝ համախմբվելու եւ համահայկական օրակարգի հարցերն առաջ տանելու համար։ Միասին դեռ շատ անելիքներ ունենք։

  • Կիսվել: