երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողություն՝ Ֆրանսիայի Շավիլ քաղաքում

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողություն՝ Ֆրանսիայի Շավիլ քաղաքում

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Շավիլ քաղաքում ապրիլի 28-ին տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
 
Շավիլ քաղաքի հայ առաքելական եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան կարգ՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, որին հաջորդեց քայլերթ դեպի քաղաքի Շառլ Ազնավուր հրապարակ, որտեղ կանգնեցված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։
 
Միջոցառմանը ներկա էին Շավիլի քաղաքապետ Ժան-Ժակ Գիյեն, Ֆրանսիայի Ժողովրդավարական զարգացման հարցերով լիազոր նախարար, կառավարության մամուլի խոսնակ Պրիսկա Թևենոն, Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Վիրժին Լանլոն, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի փոխնախագահ Արմել Թիլին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, Ֆրանսիայի համար մարտնչած զինվորների և դիմադրության շարժման մասնակիցների ասոցիացիայի (ANACRA) նախագահ Լեոն Հովնանյանը, նահանգային, դեպարտամենտային ու քաղաքային խորհրդի անդամներ, հոգևոր դասի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
 
Հիշատակման արարողությանը մասնակիցների կողմից ծաղկեպսակներ խոնարհվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
 
Ելույթներով հանդես եկան քաղաքապետ Ժան-Ժակ Գիյեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, ANACRA-ի նախագահ Լեոն Հովնանյանը և Շավիլի հայկական եկեղեցու մշակութային ասոցիացիայի անդամ Ստեֆան Ֆովը։
Արարողության ընթացքում հնչեցին Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգները։ Շավիլի եկեղեցու հոգևոր հայր Տեր Գուրգեն Աղաբաբյանի կողմից հուշարձանի մոտ հնչեցվեց ոգեկոչման աղոթք, որին հաջորդեցին Կոմիտասի մի շարք կատարումներ:

  • Կիսվել: