երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանն իր ժողովրդավարության ձախողումը քողարկում է ղարաբաղյան հակամարտությամբ․ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանն իր ժողովրդավարության ձախողումը քողարկում է ղարաբաղյան հակամարտությամբ․ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանն իր ժողովրդավարության ձախողումը, ընտրությունների լեգիտիմության խիստ ցածր մակարդակը փորձում է քողարկել ղարաբաղյան հակամարտությամբ: Այս մասին ասել է  արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հարցին:

«Բազմիցս ենք նշել, որ տարածաշրջանում ժողովրդավար հասարակությունների ձևավորումը և ամրապնդումը բխում են տարածաշրջանային կայունության, զարգացման և բարգավաճման շահերից:

Մենք ծանոթ ենք ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականներին։ Ինչպես արձանագրվել է միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցում և դիտորդական առաքելության ղեկավարների գնահատականներում, ընտրություններն ուղեկցվել են համակարգված կոպիտ խախտումներով:

Այս անգամ ևս Ադրբեջանն իր ժողովրդավարության ձախողումը, ընտրությունների լեգիտիմության խիստ ցածր մակարդակը փորձում է քողարկել ղարաբաղյան հակամարտությամբ: Ադրբեջանի այն սին և կեղծ պնդումները, որ այս ընտրություններում ձևավորվում են Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները»։

Նաղադալյանը շեշտել է, որ Արցախի ժողովուրդը չի մասնակցել Ադրբեջանի ընտրություններին ո՛չ հիմա և ո՛չ էլ  Ադրբեջանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում:

«Կուզենայինք հիշեցնել, որ Արցախի ժողովուրդն իր ընտրության իրավունքը կիրականացնի իր հայրենիքում մարտի 31-ին՝ հերթական համապետական ընտրություններում, որի ժամանակ ազատ կամարտահայտության միջոցով ընտրելու է իր ներկայացուցիչներին՝ նախագահին և Ազգային ժողովի պատգամավորներին»,- իր խոսքը եզրափակել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: