կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կիրանցի համար սահմանազատումը շատ մեծ լավ նորություն է բերելու. Նիկոլ Փաշինյան

Կիրանցի համար սահմանազատումը շատ մեծ լավ նորություն է բերելու. Նիկոլ Փաշինյան

Ասում էին՝ Ոսկեպարի եկեղեցին տվեցին, ասում էին՝ սահմանը եկեղեցու մուտքից մեկ մետրի վրա է լինելու. հիմա սահմանազատումը կլինի, դուք բոլորդ կգնաք, հույս ունեմ, Ոսկեպարի եկեղեցում մոմ կվառեք, կաղոթեք եւ կտեսնեք, թե սահմանազատումը Ոսկեպարի եկեղեցուն ինչ տվեց, եւ ինչ չտվեց: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ դուք կլինեք ոչ թե ուղիղ եթերում, այլ ինքներդ ձեզ հետ, ես համոզված եմ, որ դուք կընդունեք, որ այն բոլոր նեգատիվ կանխատեսումները, որ արվում էին, տեղի չեն ունեցել:

Մենք հիմա 100 տոկոսով կարող ենք ասել, որ Ոսկեպարի եկեղեցին գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում: Դեպի եկեղեցի մոտենալու, մուտք գործելու, ծես անելու, իր գործունեության տարածքի հետ կապված ոչ մի խնդիր չկա»,- ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Կիրանց գյուղում մարդիկ ունեն սեփականության վկայականներ, սակայն իրենց սեփականությունն անցնում է Ադրբեջանին, Փաշինյանն ասաց. «Մենք այդ ամեն ինչը չենք ժխտել, ես ասացի, որ 12 կետերից 8-ի դեպքում, կամ նույնիսկ 9-ի դեպքում սահմանազատումն իրականացվել է այս պահի դրությամբ, բայց կա երեք կետ, որոնց հետ կապված ավելի մանրամասն աշխատանք պետք է տեղի ունենա: Սահմանազատման հանձնաժողովը վերցրել է բոլոր այն սեփականության վկայագրերը, որոնք կան: Հանվում են բոլոր հիմքերը: Այդ հատվածում առավել մանրամասն է դիտարկվելու: Այս երեք կետերում ամեն սմ-ն էական է: Բոլոր կիրացեցիները գիտեն, թե որ երեք կետերն են, ես իրենց դույց եմ տվել: Այդտեղ արդեն սանտիմետրի ճշգրտության աշխատանք պետք է արվի: Ես հույս ունեմ, որ մարդիկ բավարար կգնահատեն տեղի ունեցող աշխատանքը»:

Ինչ վերաբերում է դպրոցին, որը Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ է հայտնվում, վարչապետն ասաց. «Այսօր Մովսեսի դպրոցն էլ է ուղիղ նշանառության տակ, Բերքաբերի, Այգեպարի դպրոցները եւս: Այսօր սահմանազատումից առաջ էլ է Կիրանցի դպրոցն ուղիղ նշանառության տակ: Հիմա եթե հարցնեք՝ Մովսեսի դպրոցը ո՞նց հանենք ուղիղ նշանառության տակից: Իմ պատասխանը կլինի՝ սահմանազատում անենք այդ հատվածում: Որովհետեւ սահմանազատումը դպրոցը նշանառության տակից հանելու ամենացիվիլ, ամենաիրավական տարբերակն է: Որովհետեւ մենք միջազգային իրավունքի պատ ենք կառուցում Կիրանցի դպրոցի առաջ:

Սահմանազատումը Կիրանցի այդ երեք կետերում ունի անհարմարություններ, բայց սահմանազատումը Կիրանցի համար շատ մեծ լավ նորություն է բերելու եւ իրենք դա գիտեն: Մենք իրենց տեղյակ ենք պահել, ցույց ենք տվել, եւ սոցիալ-տնտեսական առումով կարեւոր գործոն է դա դառնալու: Բայց ես չեմ ուզում առաջ անցնել:

Ես Կիրանց գնացել եւ ներկայացրել եմ հնարավոր ամենավատ սցենարը: Ես 2020-2021 թվականներին Ոսկեպարի եւ Կիրանցի ժողովրդին խոստացել եմ, որ եթե այստեղ սահմանազատման հետ կապված հարցեր կլինեն, ես անձամբ կգամ, տեղյակ կպահեմ: Այդ խոստումը կատարված է»:

Փաշինյանը նաեւ խոսեց Ադրբեջանի պահանջով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու նախաձեռնության մասին. «ՀՀ սահմանադրության հարցը Հայաստանի ներքին հարցն է: ՀՀ Սահմանադրությունը արտաքին որեւէ պարտավորության իրականացում չի խոչընդոտում: Առվելեւս մենք համաձայնեցրել ենք, որ խաղաղության պայմանագրում կողմերի որեւէ մեկը չի կարող հղում անել իր երկրի օրենսդրությանը՝ տվյալ պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Սահմանադրության հարցը դրա հետ կապ չունի:

Հայաստանում ժողովուրդը օրենքը, օրինականությունը ընկալում է որպես օտար մի բան: Ժողովուրդը չունի զգացողություն, որ ՀՀ-ում ապրելու կանոններն ինքն է իր համար որոշել: Ես եկել եմ եզրակացության, որ դրա պատճառն այն է, որ ժողովրդի պորը ընկալմամբ Հայաստանի բոլոր սահմանադրությունների հանրաքվեները կեղծվել են»:

  • Կիսվել: