կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սա լրացուցիչ հանձնառություն է ու պատասխանատվություն. Ժաննա Անդրեասյանը` ծանրամարտի աշխարհի առաջնության մասին

Սա լրացուցիչ հանձնառություն է ու պատասխանատվություն. Ժաննա Անդրեասյանը` ծանրամարտի աշխարհի առաջնության մասին

Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում 2027 թվականին ծանրամարտի աշխարհի առաջնության կազմակերպմանը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ծանրամարտի աշխարհի առաջնության կազմակերպումն առաջին հերթին մեծ պատասխանատվություն է, քանի որ Երևանում կայանալիք այդ մրցաշարը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար, ինչը նշանակում է, որ այստեղ կհյուրընկալենք ուժեղագույն հավաքականների: Սա լրացուցիչ հանձնառություն է ու պատասխանատվություն՝ բարձր մակարդակով կազմակերպել և անցկացնել առաջնությունը: Մենք արդեն  ինքներս մեզ համար բարձր նշաձող ենք սահմանել Եվրոպայի առաջնության կազմակերպման համար: Այժմ խնդիր ունենք պահպանելու ու նաև բարձրացնելու այդ նշաձողը»,-ասաց նախարարը:

Անդրեասյանն ընդգծեց, որ նախարարությունը կառավարության բոլոր գործընկերների հետ պատրաստ է մեծ աշխատանք տանել` աշխարհի առաջնության կազմակերպումը լավագույնս անելու համար:

«Սպորտի հանդեպ պետության ուշադրությունը շարունակական է: 2018 թվականի համեմատ մենք 5 անգամ ավելացրել ենք սպորտին ուղղվող ֆինանսավորումը: 2023 թվականին 5 խոշոր միջազգային մրցաշար ենք հյուրընկալել: Կարևոր է նաև այն, որ 2027 թվականին մենք կհյուրընկալենք ևս մեկ սպորտային իրադարձություն` Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը: Մեզ հետաքրքիր տարի է սպասվում»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով` մարզական մեծ իրադարձություններից հետո երեխաների շրջանում մեծանում է սպորտով հետաքրքրվողների թիվը:

«Մեր կողմից բոլոր ջանքերը կգործադրվեն, որպեսզի աշխարհի առաջնությունը կազմակերպվի ամենաբարձր որակով: Շնորհակալ ենք միջազգային ֆեդերացիային շարունակական և որակյալ համագործակցության համար»,-եզրափակեց Անդրեասյանը:

  • Կիսվել: