հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանյան խնդիրների լուծման համար ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև 60 մլն 90 հազար եվրոյի համաձայնագրիր կկնքվի. այն ներկայացվել է ԱԺ վավերացման

Երևանյան խնդիրների լուծման համար ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև 60 մլն 90 հազար եվրոյի համաձայնագրիր կկնքվի. այն ներկայացվել է ԱԺ վավերացման

Կառավարությունն առաջարկում է Երևանի համայնքային խնդիրների լուծմանը միտված վարկային համաձայնագիր վավերացնել Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև: Այն ստորագրվել է 2023 թվականին և Կառավարության երաշխավորությամբ վարկ է՝ ուղղված Երևանի համայնքային խնդիրների լուծմանը: Այդ մասին համաձայնագիրը վավերացնելու նախագիծն Ազգային ժողովի՝ ապրիլի 9-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:

«Համաձայնագրով նախատեսվում է ծրագիրը ֆինանսավորել 60 միլիոն 90 հազար եվրո գումարի չափով: Վարկի ժամկետը 27 տարի է, իսկ մարման ժամկետը՝ 17 տարի: Նախատեսված է նաև արտոնյալ ժամկետ՝ 10 տարի: Համաձայնագրով նախատեսված տոկոսադրույքի գումարը 6-ամսյա եվրոբոր է՝ «լողացող + 0 տոկոս» մարժայով, պարտավորության վճարը՝ տարեկան 0,15 տոկոս դրույքաչափով»,- ասաց նա:

Համաձայնագրով նախատեսվում է կառուցել Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը: Ակնկալվող արդյունքները մի քանիսն են. Իսակով-Արշակունյաց քաղաքային ճանապարհից բացի՝ նաև Հրազդան գետի վրայով կկառուցվի կամուրջ, հետիոտնային գետնանցումներ նաև շարժունակության խանգարումներ ունեցողների համար, կլինի լուսավորություն, ճանապարհային ենթակառուցվածքներ, հարակից ջրահեռացման համակարգեր, դիմակայության շեշտադրումով կանաչապատում, ինչպես նաև Կոմիտասի անվան զբոսայգու բարեկարգում:

«Նախագիծը ներառում է նաև Իսակովի պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում՝ ապահովելով մուտք դեպի Նորագյուղ թաղամաս, ինչպես նաև Հրազդանի կետի կառույցը 269 մետր երկարությամբ երկաթբետոնե կամրջով: Իսակով-Աշակունյաց ճանապարհահատվածը տրամաբանական շարունակությունն է լինելու Մոնթե Մելքոնյան փողոցի, այն կկապի Երևանի մի շարք վարչական շրջաններ»,- ասաց նա՝ նշելով, որ իրականացվող ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև որոշակի սոցիալական ազդեցություններ Կառավարության կողմից, քանի որ 59 հողամաս ճանաչվել է հանրային գերակա շահ:

Նախատեսվում է նաև ԱԶԲ-ի աջակցությամբ Թբիլիսյան խճուղի-Եղվարդի խճուղի ճանապարհահատվածի, ինչպես նաև «Զվաթնոց» միջազգային օդանավակայանի այլընտրանքային ճանապարհների կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ծրագրի շահառուն Երևանն է, ինչո՞ւ չի դիտարկվել մունիցիպալ պարտատոմսերի թողարկումը վարկի տեսքով արտաքին պարտքի մեծացման փոխարեն:

Նախարարի տեղակալը պարզաբանեց՝ մունիցիպալ բոնդերի տարբերակը չի դիտարկվել, և որ ծրագիրը ի սկզբանե նախանշվել է որպես վարկային միջոցներով ֆինանսավորվող ծրագիր՝ հաշվի առնելով, որ համեմատաբար բարենպաստ վարկային պայմաններ են առաջարկվել:

  • Կիսվել: