շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սյուն ենք տնկում, որ ոչ մի կողմ իրար վրա հարձակվելու պատճառ չունենա․ Սանոսյան

Սյուն ենք տնկում, որ ոչ մի կողմ իրար վրա հարձակվելու պատճառ չունենա․ Սանոսյան

 Հայ–ադրբեջանական սահմանին սյուներ են տեղադրվում, որպեսզի իրավական սահման ունենանք։ ՀՀ կառավարության նիստից հետո այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով լրագրողի հարցին, ինչու են Տավուշում սահմանային սյուներ տեղադրվում։
 
«Սյուն ենք տնկում, որ ոչ մի կողմ իրար վրա հարձակվելու պատճառ չունենա։ Երբ սահմաններում կա խնդիր ու չկա հստակություն, հստակ սահմանազատում չկա, դրանք երբեմն պատճառ են դառնում սահմանային վեճերի։ Հիմա սահմանային սյուները կարող են դա կանխել»,– ասաց նախարարը։
 
Լրագրողի դիտարկմանը, որ Ջերմուկում հստակ սահման ունենք, սակայն թշնամին առաջ է եկել ու տեղակայվել, նախարարն ուղղակի վերցրեց լրագրողի խոսափողն ու արդեն հարց տվողի դերում հետաքրքրվեց լրագրողից. «Դուք ի՞նչ եք առաջարկում այս դեպքում»։
Լրագրողն էլ պատասխանեց, որ ինքն այդ սյուներն ուղղակի չէր տեղադրի, տարածքները չէր հանձնի։
 
Այս ձևաչափով հարցուպատասխանը շարունակվեց այնքան ժամանակ, մինչև նախարար Սանոսյանի համբերությունը հատեց, ու նա ուղղակի հեռացավ։

  • Կիսվել: