ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
2022-ի համեմատությամբ 2023-ին դրական լուծում ունեցող գործերի թիվը շեշտակի ավելացել է. ՄԻՊ

2022-ի համեմատությամբ 2023-ին դրական լուծում ունեցող գործերի թիվը շեշտակի ավելացել է. ՄԻՊ

Գրեթե բոլոր բնագավառներում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ արձանագրվել են: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը՝ ներկայացնելով ՄԻՊ-ի 2023 թվականի գործունեության և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակին վերաբերելի տարատեսակ խնդիրները:

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց այն ոլորտները, որոնք խնդրահարույց են ՀՀ-ի համար և ունեն կատարելագործման անհրաժեշտություն:

«2022 թվականի համեմատությամբ 2023-ին մենք ստացել ենք շատ ավելի [մեծ] թվով դիմում-բողոքներ, և հատուկ արձանագրեմ, որ 2022 թվականի համեմատությամբ 2023 թվականին դրական լուծում ունեցող գործերի թիվը նույնպես շեշտակի ավելացել է, որովհետև եթե 2022-ին ունեցել ենք 1282 դրական լուծում ստացած գործ, ապա 2023-ին արդեն ունեցել ենք 1922-ը, ինչը, բնականաբար, շատ կարևոր է մեր գործունեության տեսանկյունից»,- ասաց Մանասյանը և ընդգծեց, որ հատկապես խնդրահարույց են կրթության բնագավառում մարդու իրավունքներին առնվող խնդիրները:

ՀՀ ՄԻՊ-ը նաև նշեց, որ ինչպես պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, այնպես էլ քաղաքական մեծամասնության և քաղաքական փոքրամասնության հետ համագործակցություն կառուցելու առումով դեռ շատ անելիքներ կան:

Ըստ Անահիտ Մանասյանի՝ ատելության խոսքի, բևեռացման և անհանդուրժողականության միջավայրն ակնհայտ է հասարակական համակարգում, որը ոչ միայն խաթարում է Մարդու իրավունքների պաշտպանության համակարգ ունենալու հնարավորությունը, այլև պատշաճ հասարակական հարաբերություն կառուցելու հնարավորությունը:

«Այս երևույթը ամենուր է, այդ թվում՝ տարբեր հանրային գործունեության բնագավառներում, պետական մարմինների՝ օրենսդիր իշխանության գործունեության բնագավառում, հավաքների ազատության իրացման ընթացքում, որտեղ դարձյալ ամենուր է հնչող ատելության խոսքը, և, բնականաբար, այս առումով մենք առաջնահերթ անելիքներ ունենք:

Կուզենամ հատուկ արձանագրել հանրային գործիչների, քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների դերակատարությունը: Բազմիցս եմ խոսել, հիմա հատուկ պիտի արձանագրեմ՝ մենք ոչ միայն բոլորս պարտավորություն ունենք չտարածելու ատելության խոսք, բռնություն քարոզող խոսք, բռնություն կիրառելու, այլև պարտավորություն ունենք հստակ հակազդելու թե՛ նման խոսքին, թե՛ նման դրսևորումներին»,- ասաց նա:

  • Կիսվել: