չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ենթադրվում է, որ Հայկական ատոմակայանը 2027-ից կհանվի շահագործումից

Ենթադրվում է, որ Հայկական ատոմակայանը 2027-ից կհանվի շահագործումից

Էներգետիկայի ռազմավարության կենտրոնի տնօրեն Վահան Սարգսյանն այսօր ներկայացրեց «Նվազագույն ծախսերով Հայաստանի էներգահամակարգի զարգացման 2020-2036 թվականների պլան» հաշվետվությունը, որը պատրաստվել է USAID «Շուկայի ազատականացումը և էլեկտրաէներգիայի առևտուրը» ծրագրի շրջանակում։ 

Վահան Սարգսյանը նշեց, որ ըստ «TIMES» մոդելի, գազի գինը կբարձրանա, իսկ Հայկական ատոմակայանը կփակվի։ «Հայկական ատոմակայանը 2027-ից կհանվի շահագործումից, իսկ 2021-ից՝ Հրազդանի ՋԷԿ-ը։ Բացի այդ, ենթադրվում է՝  2022-ին «Մասրիկ-1» արևային էլեկտրակայանը և գազատուրբինային «Ռենկո» կոմբինացված ցիկլի էլեկտրակայանը կներառվեն երկրի էներգետիկ համակարգում»,- նշեց նա՝ հավելելով, որ TIMES  մոդելով ենթադրվում է մինչև 2036 թ-ն իրականացնել ավելի քան 40 մլն դոլարի կառուցվածքային ծախսեր։

Ներկայացնելով որոշ ցուցանիշներ, կենտրոնի տնօրենն ասաց, որ թեև բնակչությունը նվազում է, սակայն էլեկտրաէներգիայի պահանջարկը կավելանա միջինը տարեկան 1,7 տոկոսով։ «Հաշվարկված է, որ 2018-ի ներմուծման և արտահանման մակարդակը կպահպանվի մինչև 2036 թվականը»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով գազի գնին՝ Վահան Սարգսյանը նշեց, որ սպասվում է՝ մինչև 2027 թ-ը բնական գազի գինը սահմանին կհասնի մինչև 299 դոլար 1000 խմ-ի համար, որից հետո այդ աճը կշարունակվի նույն տեմպով։

 

  • Կիսվել: