կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Եկեղեցին ձգտում չունի լինել պետական կառավարման ղեկին․ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

Եկեղեցին ձգտում չունի լինել պետական կառավարման ղեկին․ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ երթ է մեկնարկել Գյումրիից դեպի Երևան՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և Բագրատ Սրբազանի։

Ի պատասխան լրագրողների հարցին, թե իշխանությունները նշում են, որ այս շարժումը ուղղորդված է՝ Սրբազանը համաձայնեց․ «Այո՛ ուղղորդված է, ուղղորդված է Աստծով»։

«Մենք չենք էլ ձեռնարկել, ուղղակի ժողովրդի պահանջին դեմ հանդիման ենք գնացել և այդ պատասխանատվությունը մեզ վրա վերցրել ենք»,-ասացՍրբազանը։

Հարցին, թե համաձա՞յն է այն տեսակետին, որ եկեղեցին քաղաքականությամբ չպետք է զբաղվի՝ Արքեպիսկոպոս Աջապահյանը նշեց՝ իհարկե, ոչ․

«Ես երբեք էլ այդ տեսակետը չեմ կիսել և ակտիվ քաղաքական կարծիք հնչեցրել եմ բոլոր իշխանությունների ժամանակ։ Քաղաքական կյանքով չզբաղվելը վերաբերում է  նրան, որ եկեղեցին ձգտում չունի լինել պետական կառավարման ղեկին։ Նման ձգտում և ամբիցիա չունենք, մեր ծառայությունը բավարարում է, բայց անտարբերությունը մահացու մեղք է, և մենք չենք կարող լինել անտարբեր այն ամենին, ինչը վտանգում են մեր պետականությունը և մեր ժողովրդի անվտանգությունը։ Հետո մեզ պետք է չէ՞ մեղադրեն»,-ասաց նա։

  • Կիսվել: