կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վրաց-ադրբեջանական կազմակերպություն կհիմնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործման համար

Վրաց-ադրբեջանական կազմակերպություն կհիմնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործման համար

Ադրբեջանն ու Վրաստանը մոտ ժամանակներս համատեղ ընկերություն կստեղծեն Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու շահագործման համար, BusinessMediaGeorgia լրատվականի փոխանցմամբ՝ հայտնել է «Ադրբեջանական երկաթուղու» ղեկավար Ռովշան Ռուստամովը, գրում է aliq.ge-ն:

Ըստ տեղեկության՝ երկաթգիծը շահագործման հանձնելուց հետո բոլոր աշխատանքները կիրականացնի այդ ընկերությունը։

«Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Իրավական փաստաթղթեր են պատրաստվել, և մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում կստեղծվի ընկերություն, որտեղ Վրաստանը և Ադրբեջանը ներկայացված կլինեն 50-50 տոկոս բաժնեմասով։ Համատեղ ձեռնարկության հիմնական խնդիրն է՝ բեռնափոխադրումների սակագների որոշում և ընդհանուր առմամբ՝ գործառնական խնդիրների լուծում»,- ասել է Ռուստամովը։

Ի դեպ, ԲԹԿ երկաթուղով նախատեսվում է բեռնափոխադրումներ սկսել։ Անցած շաբաթ Ադրբեջանում քննարկվել է երկաթուղու ընդլայնման և վերանորոգման աշխատանքների հարցը, որտեղ նշվել է, որ այս փուլում աշխատանքների 95 տոկոսն ավարտված է, և աշխատանքները ամբողջությամբ կավարտվեն առաջիկա 2 ամսում։

Ներկայումս ԲԹԿ-ի վրացական հատվածի ընդլայնման աշխատանքներն ընթացքի մեջ են, և ԲԹԿ երկաթուղու արդիականացման նախագիծը, համաձայն Վրաստանի կառավարության ծրագրի, այս տարի պետք է ավարտվի։ Սպասվում է, որ երկաթուղային գծի վրացական հատվածի արդիականացումից հետո երկաթուղով բեռնափոխադրումները կավելանան տարեկան մինչև 5 մլն տոննա։ Ներկայումս ԲԹԿ երկաթուղիներով բեռնափոխադրումների առավելագույն հզորությունը տարեկան 1 մլն տոննա է։

Ադրբեջանը ավելի քան 100 մլն դոլար է ներդրել ԲԹԿ վրացական հատվածի ընդլայնման նախագծում։ ԲԹԿ երկաթուղին շահագործման է հանձնվել 2017 թվականի հոկտեմբերի 30-ին։ Ծրագրի շրջանակներում կառուցվել է Կարս-Ախալքալաք 98 կմ երկարությամբ երկաթգիծը, որից 68 կմ-ն անցնում է Թուրքիայի տարածքով, 30 կմ-ը՝ Վրաստանի տարածքով։ Բացի այդ, ծրագրի շրջանակներում իրականացվել է Ախալքալաք-Թբիլիսի 183 կիլոմետրանոց հատվածի վերակառուցումը։ Մայրուղու վրացական հատվածի աշխատանքները ֆինանսավորել է Ադրբեջանը, որը Վրաստանին երկու արտոնյալ վարկ է տվել 775 մլն դոլարի չափով։

ԲԹԿ-ի երկաթուղու ընդհանուր երկարությունը 826 կմ է։ Գործարկումից ի վեր, այսինքն՝ 2017 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբերը, ԲԹԿ երկաթուղով փոխադրվել է 1,470 միլիոն տոննա բեռ։ 2017 թվականից մինչև 2022 թվականը բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 մլն 347 հազար 585 տոննա, իսկ միայն 2022 թվականին ԲԹԿ երկաթուղային գծով փոխադրվել է 432 հազար 284 տոննա բեռ։

2019 թվականին Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի երկաթուղիների ղեկավարները Անկարայում հուշագիր են ստորագրել «Ռուսական երկաթուղիների» Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հնարավոր միացման մասին։ Այն ժամանակ վրացական իշխանություններն ասում էին, որ երկաթուղին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական նախագիծն է, և ցանկացած այլ մասնակցի ներգրավումը պետք է համաձայնեցվի բոլոր երեք երկրների հետ

  • Կիսվել: