շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Այսօր նշվում է Սուրբ Խաչի երևման տոնը

Այսօր նշվում է Սուրբ Խաչի երևման տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Խաչի երևման տոնը։

Սուրբ Խաչի երևման տոնը Երուսաղեմում Սուրբ Խաչի նշանի երևման հիշատակն է: 351 թվականին` ցերեկվա ժամին, Գողգոթայից մինչև Ձիթենյայց լեռը երկնքում երևում է լուսե խաչ: Զարմանահրաշ այդ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Կ. Պոլսի Կոստանդ կայսերը՝ զարմանալի այդ երևույթը համարելով ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց: Այդ պատճառով էլ Կյուրեղ Երուսաղեմացին հորդորում է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին պաշտպանելուց:

Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսի այդ նամակը թարգմանվել է հայերեն և ամեն տարի ընթերցվում է Ս. Խաչի երևման տոնին:

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ հայ Առաքելական Եկեղեցին Ս. Խաչի երևման տոնը նշում է Զատկից 28 օր հետո: Ս. Հարության տոնի շարժականության պատճառով Ս. Խաչի երևման տոնը կարող է տատանվել ապրիլի 19-ից մայիսի 23-ը:

Այսօր ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։ Այս տոնը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրն է։

Ժամը 11:00-ին կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ` հանդիսապետությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի։ Սուրբ Պատարագը կմատուցի Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Մասունքը եկեղեցում կմնա մինչև 17:00։

 

  • Կիսվել: