շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փոփոխությունը հնարավորություն կտա ռազմական նոր ապրանքը ավելի հեշտ տրամադրել պետական մարմիններին

Փոփոխությունը հնարավորություն կտա ռազմական նոր ապրանքը ավելի հեշտ տրամադրել պետական մարմիններին

«Փաստ» օրաթերթը գրում է. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում: Առաջարկվում է համապատասխան իրավական հիմքեր ստեղծել ռազմարդյունաբերական քաղաքականության հիմնական սուբյեկտների՝ Հայաստանի կառավարության և ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի համար, նշված ոլորտում իրենց գործունեության պատշաճ իրականացման նպատակով կանոնակարգել ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նախագծերի ներկայացման և հաստատման, ռազմական կարիքների համար պետպատվերի շրջանակներում ԳՀՓԿԱ (Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ) արդյունքների փորձարկումների և դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները:

Ըստ նախարարության, սա հնարավորություն կտա առավել արագ և դյուրին ընթացակարգով ԳՀՓԿԱ արդյունքներով ստեղծված նոր ռազմական ապրանքը կամ գույքը տրամադրել իրավասու պետական մարմիններին՝ Հայաստանի պաշտպանության և անվտանգության նպատակով օգտագործելու համար: Ներկայում ռազմական արդյունաբերության արտադրանքի ազգային ստանդարտների համաձայն՝ ԳՀՓԿԱ արդյունքների հանձնումն իրականացվում է կառավարության որոշմամբ, որը շրջանառելու և կառավարության քննարկմանը ներկայացնելու գործընթացը հիմնականում ձգձգում է մյուս՝ ԳՀՓԿԱ արդյունքները պետական պատվիրատու հանդես եկող մարմնին հանձնելու գործընթացը: Նշված գործընթացն առավել արդյունավետ, արագ կազմակերպելու և ստեղծված արդյունքները պետական պատվիրատու հանդես եկող պետական մարմնի կարիքների համար օգտագործելու նպատակով նախագծով առաջարկվում է հանձնումն իրականացնել պատվիրատու հանդես եկող և արդյունքն ընդունող պետական մարմինների ղեկավարների համատեղ հրամաններով:

Ռազմարդյունաբերական ոլորտում ԳՀՓԿԱ իրականացնող սուբյեկտները հաճախ առնչվում են այնպիսի հանգամանքների հետ, երբ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ռազմական կամ երկակի նշանակության հիմնական բաղադրիչները, նյութերը ձեռք բերելը դառնում է անհնարին՝ դառնալով ԳՀՓԿԱ աշխատանքների իրականացման անհնարինության կամ ժամկետների էական խախտման պատճառ: Այս խնդիրների լուծման նպատակով լիազոր մարմնի համար սահմանվում է լիազորություն՝ կազմակերպել անհրաժեշտ ապրանքների, նյութերի, լրամասերի և բաղադրիչների ձեռքբերում և պահեստավորում: Առաջարկվում են այլ փոփոխություններ ևս:

Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ 

  • Կիսվել: