շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Կառավարությունը շնչավոր անձ չէ ու չի կարող տրամադրություն ունենալ կամ չունենալ»․ Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին

«Կառավարությունը շնչավոր անձ չէ ու չի կարող տրամադրություն ունենալ կամ չունենալ»․ Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ համաշխարհային ռեփեր Սնուփ Դոգի համերգի վերաբերյալ խոսակցություններին։

Պատասխանելով հարցին՝ Կառավարությունը տրամադրություն ունի՞ համերգի համար, քանի որ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հոկտեմբերի 31-ին խոր մտահոգություն է հայտնել առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու հավանականության մասին, նախարարը նկատեց․

«Ձեր հարցերի ձևակերպումներն ինձ զարմացնում են, Կառավարությունը շնչավոր անձ չէ, գործադիր մարմինն էլ զուրկ է տրամադրությունից»։

Դիտարկմանը՝ այդ դեպքում նախարարը տրամադրություն ունի՞ համերգի համար, Անդրեասյանը ևս մեկ անգամ շեշտեց․

«Կարծում եք՝ նախարարը պարտադիր տրամադրություն պետք է ունենա՞։ Եթե այդպես լիներ, շաբաթական մի քանի անգամ մշակութային միջոցառումների և սպորտային միջոցառումների տրամադրություն, դժվարանում եմ գտնել մարդ, որը կունենա։ Դա աշխատանքն է»։

Ըստ նրա՝ եթե Կառավարությունը նպատակահարմար է համարել կազմակերպել նշված համերգը, ապա դրա հաջորդ քայլը նոր ժամկետում այն նորից կազմակերպելն է։

  • Կիսվել: