ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ԱԽ-ին հորդորել է դիտարկել Պաղեստինին որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու հարցը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով Անվտանգության խորհրդին հորդորում է կրկին դիտարկել Պաղեստինին որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու հարցը:
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները՝ բանաձևին կողմ է քվեարկել 143 պետություն, դեմ՝ 9, ևս 25 երկիր ձեռնպահ է մնացել:
Նշվում է, որ փաստաթուղթը բաղկացած է 9 կետից:
Բացառիկ հիմունքներով և առանց նախադեպ ստեղծելու անհրաժեշտ է Պաղեստինին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում օժտել մշտական անդամի մի շարք ընթացակարգային իրավունքներով:
Մասնավորապես, Պաղեստինը կկարողանա ընդգրկվել մերձավորարևելյան հարցերով նիստերի խոսնակների ցուցակում, փոփոխություններ առաջարկել, ինչպես նաև ընթացակարգային առաջարկություններով հանդես գալ մի խումբ երկրների անունից:
Ընդգծվում է նաև, որ Պաղեստինը մնում է դիտորդ պետության կարգավիճակում և այդպիսով ձայնի իրավունք չունի Գլխավոր ասամբլեայում, իսկ նրա ներկայացուցիչները չեն կարող իրենց թեկնածությունն առաջադրել ՄԱԿ-ի մարմինների պաշտոններում: