չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վազորդ Երվանդ Մկրտչյանը դարձել է Բալկանյան երկրների առաջնության հաղթող

Վազորդ Երվանդ Մկրտչյանը դարձել է Բալկանյան երկրների առաջնության հաղթող

Վազորդ Երվանդ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել ռումինական Կրայովա քաղաքում անցկացված Բալկանյան երկրների առաջնությունում՝ 1500 մետր մրցատարածությունը հաղթահարելով 3, 41, 89 արդյունքով: Ի դեպ, այս ցուցանիշով Երվանդը Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել:

Մկրտչյանը մասնակցել է նաև 800 մետր վազք մրցաձևին, որում գրանցելով 1, 51, 49 արդյունք՝ անմասն է մնացել մեդալներից:

Հայաստանի աթլետիկայի հավաքականը 5 մարզիկով է մասնակցել Բալկանյան երկրների առաջնությանը: Բացի Երվանդ Մկրտչյանից, առաջնությանը մասնակցել են նաև Արտակ Համբարձումյանը, Գոռ Հովակիմյանը, Յանա Սարգսյանը և Գայանե Չիլոյանը, որոնց, սակայն, չի հաջողվել մրցանակային տեղեր զբաղեցնել:

Տղամարդկանց պայքարում Արտակ Համբարձումյանը հեռացատկում գրանցել է 7,47 արդյունք, իսկ Գոռ Հովակիմյանը 15,18 արդյունքն է ցույց տվել եռացատկում: Կանանց պայքարում էլ Յանա Սարգսյանը հեռացատկում ցույց է տվել 5,82, իսկ եռացատկում՝ 12,49 արդյունք, իսկ Գայանե Չիլոյանը 200 մ. վազք մրցաձևում՝ 24,80 արդյունք:

Բալկանյան երկրների առաջնությանը չի մասնակցել Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար, եռացատկորդ Լևոն Աղասյանը: Աղասյանը վերջերս Ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացված World Athletics Continental Tour միջազգային մրցաշարում դարձել էր բրոնզե մեդալակիր, սակայն մրցման ընթացքում աջ կրունկի վնասվածք էր ստացել:

Աղասյանը եռացատկում գրանցել էր 16.39 արդյունք՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Մրցաշարի հաղթող էր ճանաչվել Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենջամին Կոմպաորեն՝ 17.02 արդյունքով:

Ավելի վաղ Հայաստանի աթլետիկայի հավաքականը 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել Մալթայում հունիսի 9-12-ն անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:

 

  • Կիսվել: