երեքշաբթի, հուլիս 5
5 / 7 / 2022
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող

Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող

Վազորդ Երվանդ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել ռումինական Կրայովա քաղաքում անցկացված Բալկանյան երկրների առաջնությունում՝ 1500 մետր մրցատարածությունը հաղթահարելով 3, 41, 89 արդյունքով: Ի դեպ, այս ցուցանիշով Երվանդը Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել:

Մկրտչյանը մասնակցել է նաև 800 մետր վազք մրցաձևին, որում գրանցելով 1, 51, 49 արդյունք՝ անմասն է մնացել մեդալներից, փոխանցում է armsport-ը։
 
Հայաստանի աթլետիկայի հավաքականը 5 մարզիկով է մասնակցել Բալկանյան երկրների առաջնությանը: Բացի Երվանդ Մկրտչյանից, առաջնությանը մասնակցել են նաև Արտակ Համբարձումյանը, Գոռ Հովակիմյանը, Յանա Սարգսյանը և Գայանե Չիլոյանը, որոնց, սակայն, չի հաջողվել մրցանակային տեղեր զբաղեցնել:
 
Տղամարդկանց պայքարում Արտակ Համբարձումյանը հեռացատկում գրանցել է 7,47 արդյունք, իսկ Գոռ Հովակիմյանը 15,18 արդյունքն է ցույց տվել եռացատկում: Կանանց պայքարում էլ Յանա Սարգսյանը հեռացատկում ցույց է տվել 5,82, իսկ եռացատկում՝ 12,49 արդյունք, իսկ Գայանե Չիլոյանը 200 մ. վազք մրցաձևում՝ 24,80 արդյունք:
 
Հայաստանի հավաքականը Բալկանյան երկրների առաջնությանը մասնակցել է Գրիգոր Բարսեղյանի գլխավորությամբ: Թիմի հետ մրցավայր է մեկնել նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:
 
Բալկանյան երկրների առաջնությանը չի մասնակցել Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար, եռացատկորդ Լևոն Աղասյանը: Աղասյանը վերջերս Ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացված World Athletics Continental Tour միջազգային մրցաշարում դարձել էր բրոնզե մեդալակիր, սակայն մրցման ընթացքում աջ կրունկի վնասվածք էր ստացել:
 
Աղասյանը եռացատկում գրանցել էր 16.39 արդյունք՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Մրցաշարի հաղթող էր ճանաչվել Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենջամին Կոմպաորեն՝ 17.02 արդյունքով:
 
Ավելի վաղ Հայաստանի աթլետիկայի հավաքականը 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել Մալթայում հունիսի 9-ից 12-ն անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:

  • Կիսվել: