Պատմական ռեկորդ. Մեսսին` Աշխարհի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն, գրում է armsport.am-ը:
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ԱԱ-2026-ի J խմբի երկրորդ տուրի՝ Ավստրիայի դեմ խաղի 39-րդ րոպեին 38-ամյա արգենտինացին բացել է հանդիպման հաշիվը:
Սա Մեսսիի 17-րդ գոլն էր Աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում (որից 4-ը նա խփել է հենց ԱԱ-2026-ում): Այս պատմական ցուցանիշով նա շրջանցել է Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեին (16 գոլ) և դուրս եկել մաքուր առաջին հորիզոնական: Լավագույն եռյակը 15 գնդակով եզրափակում է բրազիլացի Ռոնալդոն։
Բացի այդ, 2022 թվականի աշխարհի չեմպիոնն ավելի վաղ դարձել էր պատմության առաջին ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել վեց տարբեր Մունդիալներում։
Արգենտինա — Ավստրիա հանդիպումն այս րոպեներին ընթանում է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Արլինգտոն քաղաքի «Էյ-Թի-էնդ-Թի» մարզադաշտում։ Գլխավոր մրցավարը եգիպտացի Ամին Օմարն է։ Այս պահի դրությամբ հաշիվը 1:0 է՝ հօգուտ Լիոնել Սկալոնիի թիմի։
Հիշեցնենք, որ առաջին տուրից հետո թե՛ Արգենտինան, թե՛ Ավստրիան վաստակել էին երեքական միավոր: Արգենտինացիները լրացուցիչ ցուցանիշներով գլխավորում են J խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ ավստրիացիները երկրորդն են։
Խմբային փուլի 3-րդ տուրում, որը կկայանա հունիսի 28-ին, Արգենտինայի հավաքականը կմրցի Հորդանանի, իսկ Ավստրիան՝ Ալժիրի հետ։



