հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարչապետի գավաթ. մեկնարկել է սիրողական լողի մրցաշարը

Վարչապետի գավաթ. մեկնարկել է սիրողական լողի մրցաշարը

Սևանում Շողակաթ համայնքին հարակից լողափնյա տարածքում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: 

Սիրողական լողի մրցաշարին մասնակցելու համար նախնական ընդհանուր 4 խմբի համար գրանցվել էր 130-ից ավելի մասնակից, բայց մասնակցում է 120-ը:

Մրցաշարն անցկացվում է երկու տարիքային խմբով` 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (1987-2004 թթ.) կանայք, 18-ից 40 տարեկան (1982-2004 թթ.) տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից (1986 թ. ծնված) բարձր տարիքի կանայք և  41 տարեկանից (1981 թ. ծնված) բարձր տարիքի տղամարդիկ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշեց, որ ի սկզբանե չէին մտածում, որ կունենային այսքան մասնակիցներ, քանի որ քաղցրահամ Սևանում ջուրը այնքան էլ տաք չէ, տարածությունն էլ բավականին երկար է: «Այս պայմաններից ելնելով՝ մտածում էինք, որ մոտ  70 մասնակից կունենանք, բայց շատ լավ աշխատանքի արդյունքում բավականին մեծ թվով մասնակիցներ ունենք: «Վարչապետի գավաթ» մրցաշարի անցկացման նպատակը Հանրապետությունում  առողջ ապրելակերպի մասսայականացումն է, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությունը»,- եզրափակեց Կարեն Գիլոյանը:

Մրցաշարի մեկնարկը տրվել է ափից, մասնակիցները լողալու են դեպի խորքը՝ 25 մետր երկարությամբ, այնուհետև շրջվելու են դեպի համապատասխան լողուղի և փորձելու են հաղթահարել նախատեսված տարածությունը: Կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:

 

Սիրողական լողի մրցաշարին մասնակցում է նաև «Արմենպրես»-ի հատուկ նախագծերի և մամուլի սրահի պատասխանատու Աննա Գզիրյանը:

  • Կիսվել: