Տափօղակով հոկեյի հավաքականն ու հյուրընկալող Երևանը պատրաստ են աշխարհի առաջնության մեկնարկին
Երևանում ապրիլի 13-ին մեկնարկող տափօղակով հոկեյի աշխարհի 4-րդ դիվիզիոնի առաջնությունը կարող է սպորտային մշակույթի ձևավորման կետերից մեկը դառնալ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Կարևոր եմ համարում ընդգծել, Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը հանդես կգա միջազգային ասպարեզում: Մեզ համար ձմեռային մարզաձևերի զարգացումն ունի առանձնահատուկ նշանակություն: Ուրախ եմ, որ 2023 թվականից Հայաստանում ունենք նաև հոկեյի գործող լիգա, որը խրախուսում է նաև տափօղակով հոկեյով զբաղվելը, ինչպես նաև ակումբային սպորտը, որը սպորտի զարգացման ամենակարևոր գործիքակազմերից մեկը պիտի լինի»,-ասաց Անդրեասյանը:
Նախարարի խոսքով` Հայաստանում աշխարհի 4-րդ դիվիզիոնի առաջնության անցկացումը նոր խթան կլինի Հայաստանում մարզաձևի զարգացման համար:
«Մենք բավականին լուրջ ուշադրություն ենք դարձնում ձմեռային մարզաձևերի զարգացմանը: Իհարկե, այստեղ ունենք լուրջ խնդիրներ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, առանց որոնց կարգավորման չենք կարող խոսել իրականում մարզաձևերում մեծ արդյունքների հասնելու մասին: Իսկ միջազգային մրցաշարերը մեր երկրում կազմակերպելը կառավարության հետևողական քաղաքականությունն է»,-առանձնացրեց նախարարը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո կրկին միջազգային մրցաշարի մաս է կազմում:
«Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանը էականորեն փոխել է իր քաղաքականությունը մշակույթի և սպորտի ոլորտների նկատմամբ: Էական ծավալի նոր նախագծեր են իրականացվում բոլոր այն հատվածներում, որտեղ կարող ենք աջակցել»,-ասաց Ավինյանը:
Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանը ազգային թիմի` աշխարհի 4-րդ դիվիզիոնի առաջնությունում հաղթելու շանսերը բարձր գնահատեց:
Տափօղակով հոկեյի աշխարհի 4-րդ դիվիզիոնի առաջնությանը ներկա կլինի Տափօղակով հոկեյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ռենե Ֆազելը:
Տափօղակով հոկեյի աշխարհի 4-րդ դիվիզիոնի առաջնության համար Երևանում կլինեն նաև «ֆան-զոնա»-ներ: